Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ներկայացուցիչը կարող է ասել՝ հարս ունեմ, թոռ ունեմ, մի նկարեք. Արման Ղարիբյան

Նոյեմբեր 17,2017 16:26

«Պրակտիկան բավական տխուր է, դաշտը կարգավորված չէ օրենսդրական առումով, տարբեր դատավորներ տարբեր մոտեցումներ են ցուցաբերում այս կամ այն պատճառներով»,- «Մեդիա կենտրոնում» ներկայացնելով դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները հետազոտության արդյունքները՝ հայտարարեց «Իրավունքի ուժ» ՀԿ ղեկավար Արման Ղարիբյանը։

Արման Ղարիբյանի փոխանցմամբ՝ միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում ու Միացյալ Թագավորությունում հրաժարվում են դատական նիստերի հեռարձակումն ու տեսանկարահանումը արգելելու կանոնից և սահմանում դրա նկարահանման որոշակի կանոններ։

Անդրադառնալով ներպետական օրենսդրությանը՝ Արման Ղարիբյանը նշեց, որ մեզանում էլ խորթ չէ հրապարակային դատավարության իրավունքը, որը սահմանված է Սահմանադրությամբ, սակայն մեր քրեական դատավարության օրենսգրքերը տարբեր մոտեցումներ են ցուցաբերում. «Ունենք քրեական, քաղաքացիական ու վարչական դատավարության օրենսգրքեր, որոնցով էլ ենթադրվում է, որ պետք է հստակեցվեր դատական նիստի լուսաբանման իրավունքն ու ընթացակարգերը։ Սակայն խառնաշփոթ իրավիճակ է, քանի որ երեք օրենսգրքերում տարբեր մոտեցում է, օրինակ՝ քրեական դատավարության օրենսգիրքն ընդհանրապես չի անդրադառնում դատական նիստի լուսանկարահանմանը և լուսաբանմանն առհասարակ: Քաղաքացիականը սահմանում է, որ լուսատեսանկարահանումը կարելի է կատարել դատավորի թույլտվությամբ կողմերի կարծիքը լսելուց հետո, իսկ վարչական դատավարության օրենսգիրքը ի վնաս լրագրողների է սահմանում տալիս, քանի որ ասում է՝ առհասարակ արգելված է տեսանկարահանումը. դա կարելի է կատարել միայն դատարանի թույլտվությամբ, իսկ որպես ընթացակարգ, ասում է, որ բացառապես այն դեպքերում, եթե դատավարության կողմերից որևէ մեկը կմիջնորդի դատավորին: Այսինքն՝ մեր լուսանկարահանում անելու իրավունքի համար դիմելու ընթացակարգը մերը չէ, պետք է խնդրենք, որ միջնորդեն»։

Ըստ Արման Ղարիբյանի՝ ՀՀ օրենսդրությունը բարելավման կարիք ունի։ Նա հայտնեց, որպեսզի հասկանանք, թե պրակտիկայում ինչ է տեղի ունենում, խորքային հարցազրույցներ են անցկացրել 12 լրագրողների հետ, որոնք 5-25 տարվա պրակտիկա ունեն դատական նիստեր լուսաբանելու, ինչպես նաև առցանց հարցումներ են կատարել 30 լրագրողների շրջանում, որոնք պարբերաբար լուսաբանել են դատական նիստեր. «Լրագրողները երեք հիմնական խնդիրներ են առանձնացրել. առաջինը տեսալուսանկարահանման արգելքն է առհասարակ, երկրորդը սահմանափակումը որպես կանոն ժամանակայինն է, երբ դատավորը որոշում է, օրինակ, 5 րոպեից ավելի չես կարող տեսանկարահանել, և երրորդը տեխնիկական խոչընդոտներն են»։

Դառնալով լրագրողներին խոչընդոտելու պատճառաբանություններին՝ Արման Ղարիբյանը նշեց, որ դրանք կարող են ամենատարբեր լինել՝ անգամ ծիծաղելի. օրինակ՝ ոստիկանության ներկայացուցիչը կարող է հայտարարել՝ ինձ մի նկարահանեք, քանի որ ես կին եմ, այնինչ դատավարության մասնակիցները հանդես են գալիս ի պաշտոնե: Կամ կարող է ասել ես հարս ունեմ թոռ ունեմ, մի նկարեք, կամ չեմ ուզում, որ իմ լուսանկարը ֆեյսբուքում լայքեն։

Ըստ բանախոսի՝ լուսանկարահանման տեսանկարահանման արգելքի պատճառ կարող է լինել այն, որ դատավորը պարզապես չի համակրում լրագրողին կամ նրա ներկայացրած լրատվամիջոցին, քանի որ այն նախկինում անդրադարձել է իր նախկին դատավճիռներին, կոռուպցիոն բացահայտումներ է արել և վրեժ լուծելու համար կարող է արգելել նրան նկարահանել:

Արման Ղարիբյանը նշեց, որ հարցված լրագրողների 50 տոկոսը կարծում է՝ օրենսդրական փոփոխությունների կարիք կա, պետք է հստակեցնել հատկապես լուսատեսանկարահանում անելու իրավունքը. «Մենք հանդես ենք գալիս առաջարկություններով Արդարադատության նախարարությանը՝ նախաձեռնել օրենսդրական բարեփոխումներ՝ դատական նիստերի լուսատեսանկարահանման իրավունքը հստակեցնելու համար, ընդունել մեր պատրաստած օրենքի նախագիծը, Արդարադատության խորհրդին ենք դիմում մեր առաջարկությամբ՝ կարգապահական պատասխանատվության ենթարկել բոլոր այն դատավորներին, որոնք գերազանցում են իրենց լիազորությունները և չհիմնավորված ու ապօրինի կերպով սահմանափակում նիստերի լուսատեսանկարահանումը։ Դատավորներին առաջարկում ենք հարգել լրագրողի մասնագիտությունը և ապօրինի չսահմանափակել, իսկ լրագրողներին՝ լինել հետևողական ու բարձրաձայնել այդ խնդիրները»։

5 օրենքի նախագիծ է պատրաստվել, որոնցով առաջարկում են հստակեցնել լուսատեսանկարահանման իրավունքը։

Դառնալով վիճակագրությանը՝ Արման Ղարիբյանը փաստեց, որ 2017-ի առաջին 10 ամիսների ընթացքում արձանագրվել է դռնբաց դատական նիստերի ընթացքում լրագրողների իրավունքների խախտումների 16 դեպք, 5-ի դեպքում եղել է պարզապես լուսանկարահանման, տեսանկարահանման արգելք, 11-ի դեպքում՝ սահմանափակումներ. դրանք եղել են ժամանակային՝ 5 րոպե, 10 րոպե, վերջերս գրանցվել է նույնիսկ 2 րոպե, ինչը ցնցող էր, քանի որ ըստ Արման Ղարիբյանի՝ անհնար է պատկերացնել՝ հեռուստալրագրողը 2 րոպե կադր հավաքելով՝ ինչպես է այդ նյութը պատրաստելու։

Research_Human Rights Power NGO

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930