Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն (ՄՆԿ/նախկին Ինտերնյուս Հայաստան) արժանացել է Գլոբալ մեդիա և ինֆորմացիոն գրագիտության առաջին մրցանակին, որն ամեն տարի հանձնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից ստեղծված GAPMIL (Գլոբալ դաշինք հանուն մեդիա և ինֆորմացիոն գրագիտության ոլորտում համագործակցության) դաշինքը:
2017թ-ի մրցանակակիրների անունները հայտարարվել են Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության միջազգային շաբաթվա շրջանակում՝ հոկտեմբերի 24-27-ը Ճամայկայում անցկացված ամենամյա կոնֆերանսի ընթացքում:
Արդեն 3-րդ տարին է GAPMIL-ը մրցանակներ է շնորհում անհատների և կազմակերպությունների՝ մեդիագրագիտության ոլորտում նշանակալի ներդրման և ձեռքբերումների համար: Այս տարի դաշինքը 170 հայտ էր ստացել, որոնցից էլ ընտրել էր հաղթողներին:
Գլխավոր մրցանակը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին հանձնելով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առանձնացրել է մեդիագրագիտության ուսումնական ռեսուրսները, մասնավորապես՝ ուսուցչի ձեռնարկը, «Մեդիամարտ» խաղը, media.am կայքը, տարածաշրջանային համագործակցային նախագծերը, կազմակերպության աշխատանքը Կրթության և գիտության նախարարության, դպրոցների և բուհերի հետ:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը շնորհակալություն է հայտնում իր գործընկերներին, որոնք աջակցում և մասնակցում են մեր ծրագրերին: Մենք կարևորում ենք մեդիագրագիտության հետագա տարածումը Հայաստանում և ներառումը հատկապես հանրակրթության մեջ, որի ուղղությամբ շարունակելու ենք մեր աշխատանքը: Ուրախ կլինենք, եթե այս մրցանակը նոր գաղափարների, գործընկերների և համագործակցության սկիզբ դառնա:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Լուսանկարը՝ https://en.unesco.org-ից