Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձր կլասի» համագործակցություն ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի միջեւ (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2017 15:44

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն այսօր միաձայն ընդունեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների առաջարկը` Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին: Հարցը վերաբերում է ակցիզային հարկի հաշվարկման դրույքաչափերին: Գործող օրենքով, քսայուղերի ԱՏԳ ԱԱ 271019710-ից մինչեւ 271019980 ապրանքախմբերի համար ակցիզային հարկի դրույքաչափը կազմում է 50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 կգ համար՝ 400 դրամ: Այդ ապրանքախմբերի մեջ են ներառվում նաեւ ԱՏԳ ԱԱ 271019710 0 քսայուղերը, այլ յուղերը վերամշակման հատուկ գործընթացների համար, ինչը տեղական քսայուղերի արտադրության համար հանդիսանում է հումք: Ստացվում է, որ տեղական արտադրության քսայուղերը պետք է հարկվեն երկու անգամ՝ մեկը հումքի ներմուծման, մյուսը՝ պատրաստի արտադրանքի վաճառքի փուլում: Բացի այդ՝ 1 կգ քսայուղի համար 400 դրամ նվազագույն ակցիզային հարկի սահմանումը պայմանավորված է ներմուծվող քսայուղերի գնի եւ դրա հստակության որոշման դժվարություններով: Սակայն տեղական արտադրության դեպքում քսայուղի մեկ կիլոգրամի գինը կարող է կազմել մինչեւ 500 դրամ, որի դեպքում 400 դրամ ակցիզային հարկը կկազմի գնի շուրջ 80 տոկոսը:

Նախագծով առաջարկվում է քսայուղերի արտադրության համար անհրաժեշտ վերը նշված հումքի տեսակն ազատել ակցիզային հարկից, իսկ 1 կգ քսայուղի ակցիզային հարկի նվազագույն չափը սահմանել 300 դրամ՝ նպաստելու տեղական արտադրության քսայուղերի մրցունակության բարձրացմանը:

Հարցը ներկայացնող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասաց , որ արդեն տեւական ժամանակ է՝ ներկայացնում են այս նախագիծը: Կառավարությունը մերժում է: «Ըստ էության, տնտեսվարողը պետությանն անտոկոս վարկ է տալիս»,- ասաց նա`հավելելով, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էր դա:

Միքայել Մելքումյանն ասում է, Եվրասիական բանկի գումարներից թող 30-35 միլիոնը վերցնեն, դնեն բուֆերային գումար. «Էսօր լավ ժամանակներ չեն, տնտեսվարողներն այդպիսով կարող են ժամանակ շահել եւ գումար հայթայթել: Ես հասկանում եմ, որ բյուջեի համար հեշտ չի լինելու, բայց ճիշտ էլ չի, որ մարդկանց զրկենք շրջանառու միջոցներից: Տնտեսվարողները պետությանը 8 միլիարդ դոլարի վարկ են տվել 20 տարվա ընթացքում»:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հայտարարեց`իր վերաբերմունքն, ընդհանուր առմամբ, դրական է: Բայց ասում է, կառավարությունը գնում է սահմանի վրա ԱԱՀ-ն նվազեցնելուն, առայժմ փափուկ տարբերակով, բայց սպասվում են ավելի ռադիկալ քայլեր: Նկատում է`դրանք նպաստում են գործարար միջավայրի բարելավմանը եւ գործարարների շրջանառու միջոցների արդյունավետ օգտագործմանը, ուստի առաջարկեց նախագիծը հետաձգել`քանի որ եկող տարվա բյուջեն ռիսկային է, կարող են խնդիրներ առաջանալ:

Մանրամասները` տեսանյութում

Համաձայնություն ձեռք բերվեց`ռիսկայնության խնդիր նկատի ունենալով`օրենքի կիրարկումը սահմանել 2019 թվականից: Նախագիծն ընդունվեց միաձայն:

«Բարձր կլասի համագործակցություն է, շնորհակալություն»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը: Խոսրով Հարությունյանն էլ փոխադարձ հաճոյախոսություններ շռայլեց`նկատելով, որ համագործակցությունից գոհ է, քանի որ փորձում են հարցերը հասկանալ, լուծումներ գտնել, ոչ թե ինքնանպատակ առճակատվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930