Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան համերգասրահի բեմում համատեղ համերգով ելույթ կունենան Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝Վիզան, Ջիվան Գասպարյան կրտսերը, «Capital Cities» աշխարհահռչակ խմբի մեներգիչ Սեբուն:
Համերգին ընդառաջ այսօր՝ նոյեմբերի 17-ի ,«Մեցցո» ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ժամանակ Ջիվան Գասպարյանը և Սեբուն խոսեցին համերգային ծրագրի և սպասվող անակնկալների մասին:
«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ , և ուրախ եմ, որ ելույթ եմ ունենալու Ջիվանի հետ,, կարծում եմ՝ հիանալի երեկո ենք անցկացնելու»,-ասուլիսի սկզբում նշեց երգիչը: Նրա խոսքերով՝ համերգի հիմքում տարբեր ոճերի համադրությունն ու տարբեր ժանրի երաժշտությունները ներկայացնելն է:
Ջիվան Գասպարյան կրտսերը նշեց, որ ծրագիրը շատ ավելի լայն է լինելու, և հնչելու են ոչ միայն հին և սիրված երգեր, այլ նաև նոր կատարումներ: «Փորձելու եմ դուդուկը տարբեր ոճերի մեջ ներկայացնել: Ինչ արել են մեր վարպետները, շատ լավ է ստացվել, և այժմ կրկնելն անիմաստ է, պետք է նոր բաներ փորձել: Կարծում եմ ՝ Սեբուի հետ լավ համադրություն է ստացվել»,-ավելացրեց դուդուկահարը:
«Capital cities»-ի մեներգիչը շատ սպասելիքներ չունի, միայն ուզում է՝ իր ունկնդիրները գան և լսեն, իսկ եթե հավանեն, ելնեն ու պարեն: Նրա խոսքերով՝ համագործակցել ցանկանում է շատերի հետ, բայց ներկայումս մասնավոր պլաններ դեռ չկան:
Իսկ մեր այն հարցին, թե նպատակներ կա՞ն համերգ Երևանից դուրս՝ այլ քաղաքներում ևս կազմակերպել, երգիչը պատասխանեց. «Դեռ մասնավոր պլաններ չունենք այդ հարցի հետ կապված, բայց նպատակներ կան և Գյումրիում, և ինչու չէ՝ նաև Ստեփանակերտում ելույթ ունենալու»:
Համերգի հատուկ հյուրերից է լինելու Սիրուշոն, որի հետ Սեբուն կկատարի «Վույ աման» հիթը:
Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ