ԱԳ նախարարի պատասխանը Արևելյան գործընկերության գագաթաժողովի հայտարարության վերաբերյալ հարցին
(Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ)
Հարց. Շնորհակալություն: Հարցս ուղղում եմ Հայաստանի արտգործնախարարին: Պարո՛ն Նալբանդյան, ըստ տեղեկությունների՝ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ, հայտարարության մեջ կարծես թե միակ կետը, որ ցայսօր կարգավորված չէ, հակամարտութուններին վերաբերող կետն է: Այդ առումով, միգուցե նաև հասկանալի պատճառներով, Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնություններ կան և չի հաջողվում կարծես թե համաձայնության գալ: Խնդրում եմ ներկայացնեք՝ ինչպիսի՞ն է իրավիճակը այդ հարցի հետ կապված, ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը, Ադրբեջանը ի՞նչ է ցանկանում:
Էդվարդ Նալբանդյան. Այստեղ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումների, որոնք հայտնի են, ես արդեն նշեցի դրանց մասին, ավելի շուտ կարելի է խոսել Ադրբեջանի և Եվրամիության, Ադրբեջանի և միջազգային հանրության միջև մոտեցումների տարբերության մասին: Գիտեք, այդ տարբերությունը բազմիցս ակնհայտ է եղել, նաև նախորդ գագաթաժողովների ժամանակ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության:
Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել. ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին: Դա ինչ-որ կոնյուկտուրային դիրքորոշում չէ, այլ բավական մտածված, գիտակցված և այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին՝ նպաստի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եվրամիության այս դիրքորոշումը երբևե չի փոխվել:
Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցությունները շարունակվում են, և մինչև բանակցությունները չեն ավարտվել, այդ հռչակագրի վերաբերյալ ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը, դեռ վաղաժամ է: Մի քանի օր դեռ կա: Տեսնենք:
ՀՀ ԱԳՆ