Լրահոս
Օրվա լրահոսը

Բրազիլիայի ԱԳ նախարարը խուսափեց «ցեղասպանություն» բառի կիրառումից

Նոյեմբեր 17,2017 14:19

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված՝ Բրազիլիայի ԱԳ նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրայի հետ ասուլիսի սկզբում բրազիլացի գործընկերոջը ներկայացրեց որպես «մեր երկրի լավ բարեկամ»: Այնուհետև տեղեկացրեց, որ Բրազիլիայի ԱԳ նախարարն առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ:

Ալոիզիո Նունես Ֆերեիրան հայտարարեց, թե իր համար մեծ գոհունակություն է Երևանում գտնվելը: Նա նշեց, որ թեև դեռ շատ անելիքներ ունեն, այնուամենայնիվ, 25 տարիների ընթացքում ՀՀ-ն և Բրազիլիան ունեցել են դիվանագիտական բարեկամական հարաբերություններ: Նա նշեց, որ այցելել է Ծիծեռնակաբերդ, սակայն չօգտագործեց Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, այլ օգտագործեց «սոսկալի իրադարձությունների զոհեր» արտահայտությունը: Այս առիթով նա ասաց. «Խոսքը միայն Հայաստանին վերաբերող հարց չէ: Դուք կարող եք վստահ լինել իմ համերաշխությանը հայ ժողովրդի նկատմամբ այս հարցում»:

Դառնալով ԼՂ հակամարտության հետ կապված Բրազիլիայի դիրքորոշմանը՝ ԱԳ նախարարն ասաց. «Բրազիլիան խաղաղասեր երկիր է, որը քարոզում է խնդիրների խաղաղ կարգավորում, միջազգային իրավունքի շրջանակներում հարցերի լուծում, մասնավորապես կարծում ենք, որ հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում: Պետք է պահպանվի հրադադարի ռեժիմը, որպեսզի հասնենք վերջնական խաղաղության»:

Բրազիլիայի ԱԳ նախարարը նաև տեղեկացրեց, որ իր այցի ընթացքում ՀՀ-ի հետ ստորագրվել է ներդրումների դյուրացման համաձայնագիր, որը պետք է հնարավորություն ընձեռի բարելավել իրավիճակը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. «Եռագույնը» հիշեցնում է. «Ի դէպ, Ալոիզիոյ Նունէս Ֆերէիրան Պրազիլի Ծերակոյտին մէջ 2015-ի Մայիս 27-ին որպէս օրէնսդիր մարմնի անդամ նախաձեռնած է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման բանաձեւի ընդունումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930