ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վաղաժամ է համարում ինչ-որ բան հայտարարելը, քանի դեռ ԵՄ-ի հետ բանակցությունները չեն ավարտվել:
ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված՝ Բրազիլիայի ԱԳ նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրայի հետ ասուլիսի ընթացքում հնչած դիտարկմանը՝ Բրյուսելի գագաթնաժողովին ընդառաջ ԵՄ-ի հետ համաձայնագրում կարծես թե միակ կետը, որ դեռ կարգավորված չէ, հակամարտություններին վերաբերող կետն է, ուստի ինչպիսի՞ն է իրավիճակն այդ հարցի հետ կապված, պարոն Նալբանդյանը պատասխանեց. «Այստեղ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե ՀՀ-Ադրբեջանի միջև ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ տարբեր մոտեցումների մասին, որոնք հայտնի են, այլ ավելի շուտ Ադրբեջանի, ԵՄ-ի և միջազգային հանրության միջև մոտեցումների տարբերության մասին: Դա բազմիցս ակնհայտ է եղել նաև նախորդ գագաթնաժողովների ժամանակ: ԵՄ-ի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ մշտապես նույնն է եղել, փոփոխություն չի եղել: Դա գիտակցված մոտեցում է՝ վնաս չհասցնել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ նպաստելով եռանախագահողների ջանքերին ու մոտեցումներին: Ինչ վերաբերում է հռչակագրին՝ բանակցությունները շարունակվում են. քանի դեռ դրանք չեն վերջացել, ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը դեռ վաղաժամ է»:
Հարցին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան այցելության ընթացքում նոր առաջարկնե՞ր է բերում, պարոն Նալբանդյանը պատասխանեց, որ իր ռուս գործընկերը գալիս է պաշտոնական այցով՝ նոյեմբերի 20-21-ին, և այցը նվիրված է ՀՀ-ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Նա նաև հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Պարոն Նալբանդյանը շեշտեց, որ Ռուսաստանը բավականին կարևոր դերակատարություն ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում:
Դառնալով Լավրովի առաջարկների հետ կապված հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարն ասաց. «Հեծանիվ հնարելն այս կարգավորման գործընթացում դժվար է: Այս բոլոր տարիների ընթացքում բազում աշխատանքային փաստաթղթեր ենք քննարկել, բայց իրականության մեջ հենքը նույնն է մնում, և եթե Ադրբեջանը մի փոքր ավելի աչալուրջ լինի այն կոչերին ու մոտեցումներին, որ եռանախագահողները ներկայացնում են, ապա առավել հնարավորություններ կբացվեն այս գործընթացն առաջ տանել ու արդյունքներ ունենալ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ