«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց օրենքը, որով թույլատրվում է 27 տարին լրացած, բանակից խուսափածների գումարով ազատվել քրեական հետապնդումից, այսօր ԱԺ-ն հաստատեց 86 կողմով:
Մինչ քվեարկությունը «Ելք» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հայտարարեց, որ իրենք վերապահումով կողմ կքվեարկեն, հետագայում կառաջարկեն գումարն առհասարակ հանել:
Դատախազության մասին օրենքի նախագծի հետ կապված անգամ ՀՀԿ-ում կային տարաձայնություններ:ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մինչ քվեարկությունը հայտնեց, որ Գեւորգ Կոստանյանի բոլոր առաջարկներն ընդունվել են:
Հետո «Ելքը» նույնպես հայտարարեց, որ թեեւ առաջին ընթերցմանը դեմ են եղել, բայց քանի որ Արտակ Զեյնալյանի առաջարկություններն էլ ընդունվել են, երկրորդ ընթերցմանը կողմ են քվեարկելու: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 86 կողմով:
Քվեարկությունների ժամանակ «Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանը նկատեց, որ ուրիշի փոխարեն են քվեարկում, նա հիշեցրեց, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խոստացել էր, որ չի կրկնվի այլեւս, եւ ասել էր, որ իր անձնական հեղինակության հարցն է դա:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ տեխնիկական խնդիրներ են առաջացել. «Մի քանի մարդկանց կոճակները չեն աշխատում»:
Բժիշկների նկատմամբ բռնություն կիրառելը խիստ պատժելուն ուղղված «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագծին, որը ներկայացրել էին Կարեն Ավագյանն ու Հրայր Թովմասյանը, կողմ քվեարկեց 56 պատգամավոր, ԲՀԿ-ականները ձեռնպահ էին կամ դեմ՝ 23 ձեռնպահ, 2 դեմ: Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:
Հարկային ծառայության մասին օրենքի նախագծի քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են եւ հանդես են գալու արտաբյուջեները հանելու օրենսդրական նախաձեռնությամբ:
«Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց, որ չնայած իրենք արտաբյուջեներին դեմ են, բայց այս օրենքին կողմ կքվեարկեն, որովհետեւ օրենքը արտաբյուջեի մասին չէ. «Արտաբյուջետային ֆոնդ ունեն նաեւ իմ երկու աղջիկները, երբ որ ես իրենց վճարում եմ, բայց այդ ֆոնդից տարվա վերջում՝ Նոր տարուն նաեւ մեզ են նվեր առնում: Այս օրենքը մենք նայում ենք այդ կոնտեքստում»: Նախագիծն ընդունվեց 61 կողմ եւ 24 դեմ ձայներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ