«Ժողովրդական ասացվածք կա, որ ինչքան քարոզ կարդաս գայլի գլխին, գայլը մնում է գայլ»,-անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին, թե ադրբեջանական կողմն ակնկալում է, որ բանակցությունները կոնկրետ արդյունք ունենան՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված՝ Բրազիլիայի ԱԳ նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրայի հետ ասուլիսին այսպիսի հայտարարություն արեց:
Մանրամասնելով՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ եռանախագահող երկրներն ամենաբարձր մակարդակով կոչ են անում զերծ մնալ ապակառուցողական մաքսիմալիստական դիրքորոշումից, եթե կողմերը ցանկանում են հիմնախնդրի կարգավորումը: «Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման մասին: Արդյոք Ադրբեջանը դա անո՞ւմ է: Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հանձնառությունը միջազգային իրավունքի երեք հայտնի սկզբունքների՝ ուժի չկիրառման, ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման և տարածքային ամբողջականության մասին: Արդյոք դա անո՞ւմ է Ադրբեջանը: Եռանախագահող երկրները կոչ են անում անվերապահորեն հարգել ու իրականացնել եռակողմ և անժամկետ զինադադարի համաձայնագիրը: Արդյոք Ադրբեջանը դա անո՞ւմ է: Եռանախագահողները կոչ են անում հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, արդյոք Ադրբեջանը դա անո՞ւմ է»:
Պարոն Նալբանդյանը նաև հիշեցրեց, որ եռանախագահող երկրները կոչ են անում իրականացնել Վիեննայում և ոչ միայն այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ հետաքննության մեխանիզմների ստեղծման մասին: Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև 2011-12-ին Սոչիում՝ երեք նախագահների մակարդակով, ինչը Ադրբեջանը չի անում: Նաև հիշեցրեց կոչը՝ ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի թիմի մոնիտորինգային կարողությունները ու հարց բարձրացրեց՝ ի՞նչ է անում Ադրբեջանը:
Այս առիթով Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Անում է ամեն ինչ, որ անգամ եթե ձևական թվի ավելացում լինի, ապա սահմանափակում լինի մոնիտորինգային հնարավորությունների: Եռանախագահները ամենաբարձր մակարդակով՝ երկրների նախագահների, Դովիլում ընդունված հայտարարության մեջ կոչ արեցին կողմերին համաձայնություն տալ Կազանում հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներին: Արդյոք Ադրբեջանը դա արե՞ց: Մոտ ութ-ինը տարի քննարկում էինք հիմնարար սկզբունքները, հետո Ադրբեջանն ասաց, որ հիմնական սկզբունքները պետք չէ քննարկել: Այսինքն՝ ոչ միայն Դովիլում, Կազանում այդ շարքը երկար կարելի է շարունակել: Այնպես որ, ինչ-որ հայտարարություն անել, իրենցից գառնուկ ձևացնել, որևէ մեկին խաբել չեն կարող: Ժողովրդական ասացվածք կա, որ ինչքան քարոզ կարդաս գայլի գլխին, գայլը մնում է գայլ»:
Էդվարդ Նալբանդյանը նաև տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում կազմակերպել ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում Վիեննայում՝դեկտեմբեր 6, 7, 8-ի ընթացքում: Այդպիսի հանդիպման համաձայնությունը տվել են երկու կողմերը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ