Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսի ԲԵԼՏԱ գործակալության տնօրեն. «Չպետք է վախենալ քարոզչություն բառից» (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2017 12:31

Նոյեմբերի 17-ին Երեւանում կայացավ «ԱՊՀ եւ ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը» թեմայով համաժողով, որի առանցքում էին ԱՊՀ եւ ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանման հիմնախնդիրները, ինտեգրացման հեռանկարներն ու մարտահրավերները: Միջոցառման կազմակերպիչներն էին «Արմենպրես» լրատվական գործակալությունը եւ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը:

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Ալեքսանդր Մարկարովի ձեւակերպմամբ, ցանկացած ինտեգրացիոն գործընթաց ուղղված է երկրի սոցիալ-տնեսական ու քաղաքական մարտահրավերների արձագանքմանը, համահունչ` պետությունների արտաքին քաղաքական տեսլականին:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալություն տնօրեն Արամ Անանյանի ձեւակերպմամբ, ինտեգրացիոն գործընթացների լուսաբանման կարեւորությունն ու տարբեր հարթակներում ներգրավված պետությունների լրատվական կառույցների միջեւ համագործակցության նշանակությունը դժվար է գերագնահատել: «Արմենպրեսի» տնօրենը հավելեց, որ համաժողովի նպատակներից մեկն այդ հնարավորությունների բացահայտումն է, ինչպես նաեւ համագործակցության ներուժը լայնորեն իրացնելը. «Կարող ենք տեսնել, թե ո՞րն է ինտեգրման հաջողության բանաձեւը, որ փորձում ենք դուրս բերել ինտեգրացիոն համատեղ ապագայի համար»:

Մանրամասները` տեսանյութում:

Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը նշեց, որ Ղազախստանի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանմանը: Դեսպանը կարեւորեց ԶԼՄ-ների միջոցով, իր խոսքով, գրագետ բացատրական աշխատանքը, թե ինչ է իրենցից ներկայացնում ԵԱՏՄ-ն: «Դա նաեւ Եվրասիական հանձնաժողովի հետ աշխատանքի կարեւոր ուղղություններից է»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Բելառուսի ԲԵԼՏԱ պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Ժուկը կարծում է, որ պետք է ապավինել, իր խոսքերով, մի հրաշալի բառի` քարոզչությանը, ԱՊՀ եւ ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանման ժամանակ: «Մենք ունենք կապեր, համագործակցություն, լրագրողները պետք է քարոզեն այդ ամենը, չպետք է վախենալ քարոզչություն բառից… Մեր երկրների միջեւ կապերի մասին ժողովուրդներին տեղեկացնելը լրագրողների ուղիղ պարտականությունն է»,-ասաց ԲԵԼՏԱ-ի տնօրենը:

Մանրամասները` տեսանյութում:

ԱՌԿԱ գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը նույնպես այն կարծիքին է, որ ԵԱՏՄ տարածքում կատարվող ամեն ինչի մասին պետք է մատչելի ձեւով տեղ հասցնել, որպեսզի «մութ կետեր չմնան»:

Հավելենք, որ համաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն էր, կազմակերպիչների հիմնավորմամբ` մեծամասնությանը հասկանալի լինելու համար: Համաժողովի ընթացքում նախատեսված է նաեւ «Արմենպրեսի» եւ ԲԵԼՏԱ-ի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրում:

Համաժողովի լիագումար նիստերը երկուսն են` «Ինտեգրացիոն գործընթացների տեղեկատվական ուղեկցումը» եւ « ԱՊՀ եւ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները. Գնահատականներ, առկա իրավիճակ, հեռանկարներ» խորագրերով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930