«Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության» օրենքներում լրացում կատարելու մասին ՊԵԿ-ի ներկայացրած նախագիծն է քննարկվում ԱԺ-ում: Նախագծով առաջարկվում է ՊԵԿ-ի արտաբյուջետային ֆոնդի խնայողությունները ուղղել կառավարության պահուստային ֆոնդ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, տեսնելով, որ նախագիծը ՊԵԿ-ինն է, նորից բարձրացրեցին «Առինջ մոլի» առեւտրականների հարցը, որի վերաբերյալ հայտարարություն էր տարածել ՊԵԿ-ը: Էնֆիաջյանը բողոքեց անգամ հարկային տեսուչների արտաքինից՝ անթրաշ են գալիս ստուգումների, մարդկանց վրաերթի են ենթարկում:
Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ ՊԵԿ-ն ու իր արտաբյուջետային ֆոնդերը նպաստում են արտագաղթին եւ վստահեցրեց, որ հարկային տեսուչները ոչ թե օրինական գործողություններ են կատարում Առինջ մոլում, այլ՝ «Քրեական օրենսգրքի» զայրույթը հարուցող գործողություններ: Մասնավորապես, ի՞նչ իրավունք ունի ՊԵԿ աշխատակիցը կատարել խուզարկություն, երբ դա իրավունք ունի իրականացնել քննիչը՝ քննչական գործողության հատուկ հրահանգի դեպքում:
Հաշվի առնելով ՊԵԿ-ի արձագանքը՝ տոնավաճառներում ստեղծված իրավիճակին՝ Միքայել Մելքումյանն առաջարկ արեց ՊԵԿ-ին. «ՊԵԿ-ի վերլուծական կարողությունները բավարարում են, որ տարրական վերլուծություն կատարել. Փեթակում եւ Սուրմալուում աշխատում են ամսվա բոլոր օրերին, իսկ Առինջ մոլում՝ ամսվա 10-12 օրն ընդամենը: Երբ շրջանառություն եք բերում՝ համեմատեք, ճիշտ թվեր ներկայացրեք, պարոն Միրումյան: Ես զարմանում եմ, դուք ո՞նց եք նման համեմատություն արել, երբ նա աշխատում է 12 օր, նա աշխատում է 30 օր: Դուք չե՞ք իմանում, որ Փեթակը եւ Սուրմալուն, այնտեղի ապրանքների տեսականին շատ ավելի թանկարժեք է: Նայեք ապրանքների տեսականուն, վերլուծություն արեք, տեսեք տարբերությունը: Հետո տեսեք վարձավճարները ինչքան են Փեթակում եւ Առինջ մոլում»:
Իսկ Նաիրա Զոհրաբյանը ՊԵԿ-ին հիշեցրեց տորիչելյան դատարկության մասին. «Կարծում եմ՝ Տորիչելիի հայտնի օրենքը բոլորդ գիտեք՝ բնությունը չի հանդուրժում դատարկություն: Բայց դա չի նշանակում, որ դատարկությունը պետք է լցնել էժանագին ապատեղեկատվությամբ եւ մանր մանիպուլյացիաներով»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ՊԵԿ-ի հայտարարությունը ամբողջությամբ ապատեղեկատվություն է, իսկ դա նշանակում է, որ կոնկրետ անձի են թիրախավորել: Նա խորհուրդ տվեց Վախթանգ Միրումյանին, որ եթե այսօր էլ մի 3 էջանոց հայտարարություն տարածեն, հաշվի առնեն նաեւ գոտիավորումը, թե որտեղ է գտնվում Առինջ մոլը եւ որտեղ են գտնվում Փեթակն ու Սուրմալուն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ