Ի՞նչ պետք է անեն Վիգեն Սարգսյանը, օրինագիծը մշակողները, իշխանությունները դասալիքների ճանապարհը կտրելու, դասալքությունը կրճատելու, բանակում որակյալ կադրեր, բարձր ինտելեկտուալ հրամկազմ ունենալու համար։ Հուսով ենք՝ կկարդան։
Առաջին, ինչպես Իսրայելում, այնպես էլ մեզ մոտ, պետք է հումանիտար ոլորտի ուսանողների համար տարկետում չլինի։ Լինի միայն տեխնիկական ոլորտի մասնագետների համար։ Սրանով Հայաստանում կխրախուսվեն տեխնիկական գիտությունները, դրանց որակը կբարձրանա։ Նույնը՝ բժիշկների, թարգմանիչների դեպքում։ Ինչպես՝ Իսրայելում։
Երկրորդ, որքան էլ սկանդալային սա հնչի, մի շարք երկրների փորձը ուսումնասիրելով ենք ասում, որոշակի գումարի դիմաց ծառայությունից ազատել նրանց, ովքեր չեն ցանկանում ծառայել։ Չծառայելու արժեք սահմանվի, հաշվեն, թե երկու տարում մեկ զինվոր պահելու, հանդերձավորելու, զինելու, սնելու համար որքան գումար է ծախսվում, պլյուս՝ աշխատավարձը, կկազմի՞, օրինակ, 12 միլիոն դրամ, արժեզրկում, տարբեր սանդղակ-գործակիցներ հաշվելով, սահմանեք 15 մլն դրամ։ Թող վճարեն, չծառայեն, այդ գումարով մի հատ նորմալ զինծառայողի պայմանագիր կնքեք, լավ աշխատավարձով, պայմաններով, հարցը փակվի։ Արդյունքում՝ տարատեսակ կոռուպցիոն երեւույթները խիստ կկրճատվեն, զինկոմ-գեներալները ահագին եկամուտներից կզրկվեն։
Եվ վերջապես, երրորդ առաջարկը, որր բխում է երկրորդ առաջարկից, քանի որ հարց կարող է առաջանալ, թե ուրեմն, ինչ-որ մարդիկ կարող են չծառայել, իրենց քեֆին ապրել եւ այլն, եւս մեկ բան պետք է անել, ինչպես՝ գործնականում Իսրայելում է. բանակում ծառայություն չանցկացրած անձանց պետք է արգելվի պետական կառույցներում աշխատել։ Պետք է սահմանվի այդ պետական կառույցների ցանկը, դրանց մեջ պետք է պարտադիր լինեն՝ Ազգային ժողովը, կառավարությունը՝ իր բոլոր նախարարություններով ու առընթեր մարմիններով, նախագահական աշխատակազմը, ուժային կառույցները։ Իմիջիայլոց, ծիծաղելի փաստ է. ոստիկանական համակարգում աշխատանքի ընդունվելու համար ծառայած լինելը պարտադիր է, իսկ ահա Պաշտպանության նախարարությունում՝ ոչ։
Պատկերացնո՞ւմ եք, որ նման օրենք ընդունվի։ Ինչքան կարիերիստի վերջը կգա։ Մեզ կարող են մեղադրել իշխանափոխության կոչեր անելու մեջ, քանի որ եթե հանկարծ մեր առաջարկները ընդունվեն, խորհրդարանի պատգամավորների կեսը վարի կգնա, կառավարության աշխատանքը կաթվածահար կլինի։ Նախագահականում տեքստեր գրողներ ու օգնականներ չեն լինի։
Խնդրեմ, երեք առաջարկ, չենք ասում, պարտադիր ընդունեք, բայց քննարկեք, մանավանդ՝ երրորդը։ Սպասում ենք ողջամիտ ժամկետներում ողջամիտ պատասխանի։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում