Մեզանում արդեն մշտական քննարկման նյութ է դարձել Սեւանի սիգի արգելված որսն ու սննդի անվտանգության տեսանկյունից ռիսկային համարվող պայմաններում դրա իրացումը: Բայց խնդիրը որեւէ ձեւով լուծում այդպես էլ չի ստանում:
Սիգի փողոցային առեւտուրը չի դադարում, նույն աշխուժությամբ այսօր էլ գրեթե բոլոր կենտրոնական փողոցներում՝ մայթեզրերին, արկղերով սիգեր են շարված՝ ավտոմեքենաների արտանետումների, փոշու, արեւի ուղիղ ճառագայթների տակ, հակահիգիենիկ պայմաններում:
Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար ԴԱՎԻԹ ՊԻՊՈՅԱՆԻ հավաստմամբ՝ սիգի իրացման համար ներկա պայմանները սպառողների համար առողջական խնդիրների մեծ ռիսկեր են առաջացնում։ Որեւէ մեկը չի կարող կանխատեսել, թե այդ վտանգն ինչ ձեւով ի հայտ կգա եւ ինչպիսի հետեւանքներ կունենա: Ուստի նա խորհուրդ է տալիս, որ սպառողները զերծ մնան նման ռիսկերից, փորձության չենթարկեն իրենց ճակատագիրը, խուսափեն փողոցային պայմաններում վաճառվող սիգ ձեռք բերելուց։
«Ընդհանրապես կենդանական ծագում ունեցող սննդամթերքի իրացման պայմանները մեզանում կարելի է հիմնականում անմխիթար համարել, մինչդեռ նման մթերքները բարձր ռիսկային են՝ արտաքին պայմանները, պահպանման ջերմաստիճանը, հիգիենան ուղղակիորեն ազդում են այդ մթերքների որակի, վտանգավորության աստիճանի վրա: Այս առումով առանձնանում է ձուկը, որովհետեւ այն նաեւ շատ արագ փչացող մթերք է:
Սովորաբար կենդանական ծագում ունեցող մթերքները սպանդից հետո երբ մշակման են ենթարկվում, այդ ընթացքում դրանցում առկա գլիկոգենը վերածվում է կաթնաթթվի, որն առժամանակ վարակազերծ ազդեցություն է ունենում մսի վրա: Բայց քանի որ ձկան մեջ գլիկոգենը քիչ է, հետեւապես վարակազերծ հատկությունն էլ փոքր է, եւ ձուկը շատ արագ փչանում է: Իսկ եթե հաշվի առնենք, որ այն տեղափոխվում եւ իրացվում է ոչ սառնարանային պայմաններում, ուստի պատկերացրեք, թե այդ գործընթացը որքան կարճ ժամանակում կարող է լինել: Այնինչ հաճախ ձկան տեղափոխումն ու իրացումը ժամեր եւ օրեր է տեւում»,- ասում է մասնագետը։
Դավիթ Պիպոյանի դիտարկմամբ. «Եթե ի վերջո այս տարի սննդի անվտանգության համար պատասխանատու կառույցը քայլեր ձեռնարկեց հնարավորինս կարգավորելու մսի տեղափոխման եւ իրացման շուկան՝ այն քիչ թե շատ վերահսկելի եւ անվտանգ դարձնելով, ապա Սեւանի սիգի շուկայի համար հնարավոր չէ նման վերահսկողություն սահմանել՝ հաշվի առնելով, որ ընդհանրապես արգելված է այդ ձկան վաճառքը: Ուստի ով ինչպես ուզում է տեղափոխում է Սեւանից տարբեր մարզեր, նաեւ մայրաքաղաք եւ վաճառում: Ո՞վ իմանա, թե այդ ձուկն ինչպես է հասցվել իրացման կետ: Մենք միայն վաճառքի անմխիթար պայմաններն ենք տեսնում, իսկ տեղափոխմանն ականատես չենք:
Այս դեպքում մնում է միայն առգրավել վաճառքի հանված մթերքը եւ արգելել դրա հետագա իրացումը»։
Թագուհի Ասլանյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում