Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ բուհն է «գալիս» դպրոց. Մասնագիտությունների օր Սևանում (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 17,2017 11:51

Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անսովոր եռուզեռ էր. դպրոցի նախասրահը վերածվել էր կրթական ցուցահանդեսի, որի նմուշները խոսուն էին և բազմալեզու:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Մասնագիտությունների օր 2017» ծրագրի հերթական կանգառը Սևանում էր, որի շրջանակներում այսօրվա աշակերտը, վաղվա դիմորդը հնարավորություն ուներ ծանոթանալու համալսարանի բակալավրական և մագիստրոսական ծրագրերին, առաջարկվող կրթական հնարավորություններին:

ԵրՊԼՀ-ի կարիերայի կենտրոնի համակարգող Լևոն Բաբամյանը հետաքրքրասերներին ուղեկցում էր, միաժամանակ ներկայացնում «մասնագիտացված» տաղավարները, որոնք լեզուների երանգապնակի մի մասն էին:

«Ծրագրի այս տարվա մեկնարկը տրվել է Գեղարքունիքի մարզից և 1-ինն էլ Սևանն է: Մենք պատրաստակամ ենք` տալու մասնագիտական ճիշտ կողմնորոշում` ներկայացնելով բուհում առկա մասնագիտությունները, կրթական ծրագրերը: Սա նաև լավ միջոց է համալսարանում սովորելու հրավիրել արդեն կողմնորոշված դիմորդին, որից շահում է նաև ողջ հասարակությունը»,- ներկայացնում է Լևոն Բաբամյանը:

Բուհի 41 աշխատակից և կամավորներ այցելուներին ներկայացնում էին իրականացվող տեղական և միջազգային ծրագրերը` նախատեսված ուսանողների և բուհի շրջանավարտների համար:

«Մասնագիտությունների օր» ծրագիրը գործում է 2013թ-ից և հանրապետության մի շարք քաղաքներում արդեն իսկ հասցրել են մոտիկից ծանոթանալ բուհի հնարավորություններին:

Համալսարանը ոչ միայն հանրապետությունում, այլ նաև տարածաշրջանում ֆորմալ կրթությանը զուգահեռ ներկայացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր:

Մասնագիտությունների օրվա մասնակիցները Սևանի և տարածաշրջանի դպրոցների աշակերտներն էին, ուսուցիչները, երիտասարդ մասնագետները, ովքեր ոչ միայն ծանոթացան բուհի կրթական ծրագրերին, այլ նաև ստացան իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ, տեղեկատվական նյութեր, բուկլետներ և գրականություն:

Կուտակումներ էին հատկապես չինարենի, ճապոներենի, լրագրության, գերմաներենի տաղավարների մոտ:

Շատ աշակերտներ եկել էին ուսուցիչների հետ և միասին էին ծանոթանում առաջարկվող նյութերին, որոնք ներկայացվում էին ամբիոնների և կենտրոնների կողմից:

«Ողջունելի է, որ աշակերտներին ուղեկցում են ուսուցիչները. նրանց դերը շատ կարևոր է մասնագիտական ընտրության հարցում: Գաղտնիք չէ, որ գիտակցված և ճիշտ ընտրությունը կարիերայի ճանապարհի հուսալի ուղեկիցն է,- ասում է համալսարանի կարիերայի կենտրոնի համակարգողը և շարունակում:- Այս միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեն միաժամանակ ծանոթանալու համալսարանի մասնագիտություններին, մասնագիտացումներին, ստանալու խորհրդատվություն և չմոռանալու, որ աշխարհի աշխատաշուկայում մրցունակ լինելու համար լեզուների իմացությունը պարտադիր և անհրաժեշտ պայման է»:

Համալսարանում դասավանդող օտարերկրացի դասախոսներն առանձին տաղավարներով ներկայացնում էին իրենց երկրի մշակույթը, դրա մաս կազմող ազգային տարազը, փոխանցում լեզվական մի քանի հմտություններ:

Համալսարանի կարիերայի կենտրոնի անդամ, սևանցի Գուրգեն Կարապետյանը, որը ոչ միայն համալսարանի շրջանավարտ է, հասցրել է մասնակցել մի շարք ծրագրերի բուհում ստացած գիտելիքների շնորհիվ, այլ նաև շուտով դասախոսելու է, ուղղորդում է իր համաքաղաքացի աշակերտներին, ներկայացնում համալսարանի հնարավորությունները և առաջարկվող ծրագրերի ցանկն ու բովանդակությունը: «Այսպիսի միջոցառումները ուղիղ և բաց դուռ են, անգնահատելի աջակցություն մասնագիտական կողմնորոշման շեմին կանգնած դպրոցականների համար: Այն ժամանակ, երբ ես էի ընդունվում բուհ, այսպիսի ծրագիր և հնարավորություն չկար: Պետք է օգտվել ընձեռված հնարավորությունից, քանի որ «ինչ մասնագիտություն ընտրել» հարցը դառնում է շոշափելի: Մեր երեխաները, ինչու չէ նաև մեծահասակները, հնարավորություն ունեն շփումների, որը բազմաշերտ է` լեզվական, մշակութային, կրթական, միջանձնային»,- ասում է Գուրգեն Կարապետյանը:

Սևանի թիվ 6 միջնակարգ դպրոցի գերմաներենի ուսուցչուհի Նաիրա Գրիգորյանն էլ գերմաներենի տաղավարի մոտ իրեն հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալուց հետո օգտվում է նաև ներկայացված հարուստ նյութերից և նշում, որ ուսուցիչների համար էլ սա լավ հարթակ է և միաժամանակ օգնություն, օտարերկրացիների հետ շփվելու պատեհ առիթ:

9-րդ դասարանցի Արփինե Մկրտչյանն էլ, ում առավել շատ գրավել էր տեղեկատվական և հանրային հաղորդակցության տեխնոլոգիական կենտրոնի տաղավարը, խոստովանում է, որ ճանաչողության մեծ պաշար ստացավ և ավելացնում. «Ես որոշել եմ դառնալ բժշկուհի, սակայն մտածում եմ, որ անպայման պիտի բարելավեմ ֆրանսերեն լեզվի իմացությունս: Իմ դասընկերներն էլ այսօրվա միջոցառումից հեռանում են բավարարված»:

Մինչ մեծ ու փոքր լեզվական, կրթական տաղավարներն էին ուսումնասիրում, ԵրՊԼՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Կարինե Հարությունյանը Գեղարքունիքի մարզի դպրոցների տնօրենների և մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գարիկ Բադալյանի հետ «Դպրոց-բուհ աշխատաշուկա» կլոր սեղանի քննարկումներին էր մասնակցում: Կարևորելով նման ծրագրերի իրականացումը` տիկին Հարությունյանը նշեց, որ համալսարանն ունի մեծ ներուժ, համագործակցային լայն հնարավորություններ, իր ուսանողներին տալիս է անհրաժեշտ գիտելիքներ, միաժամանակ ներգրավում կրթական մի շարք ծրագրերում:

Համագործակցային հերթական համաձայնագիրն էլ ստորագրվեց հանդիպման վերջում` ի դեմս համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Կարինե Հարությունյանի և Սևանի Խ. Աբովյանի անվան և Ճամբարակի ավագ դպրոցների տնօրենների:

Թիվ 3 Վլ. Կարապետյանի անվան հիմնական դպրոցի դասասենյակներից մեկում էլ Սևանի և Սևանի տարածաշրջանի գրադարանավարներին սպասվում էր ուսանելի դասընթաց էլեկտրոնային գրադարանի այսօրվա և վաղվա հնարավորությունների վերաբերյալ:

 

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930