Օրեր առաջ Երևանում մեծ շուքով բացվեց «Ռիո մոլ» առևտրաժամանցային կենտրոնը։ Բացմանը ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Առևտրի կենտրոնն էլ, ինչպես հայտնի է, պատկանում է Սամվել Կարապետյանին։ Իհարկե այս ամենը մի կողմ։ Մեր ուշադրությունը գրավել է ոչ այնքան այդ մոլի շուրջ ծագած աժիոտաժը, այլ այն, որ դրա անվան ցուցանակը հակասում է ՀՀ «Լեզվի մասին օրենքին»։
Օրենքով բոլոր խանութները, ժամանցային կենտրոնները, գրասենյակները առաջին հերթին պետք է ունենան հայերեն անվանում և նոր միայն օտար լեզվով։ Իսկ «Ռիո մոլ»-ն ունի միայն մեկը, այն էլ՝ ռուսերեն լեզվով։
«Լեզվի մասին օրենքի» 4-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով՝ ՀՀ պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները պարտավոր են ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշերը, նամականիշերը, կնիքներն ու գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով։ Ոչ հայերեն ձևավորման համար նախատեսվում է տուգանք վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189-ի 3-րդ հոդվածով։
Խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 200-250-ապատիկի չափով, իսկ պաշտոնական անձանց համար՝ 250-300-ապատիկի չափով։
Խնդրի հետ կապված զանգահարեցինք Լեզվի պետական տեսչություն՝ հասկանալու, թե ստեղծված իրավիճակում իրենք ի՞նչ անելիքներ ունեն։ Տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը «Փաստին» տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ իրենք օրենքով ստուգումներ իրականացնելու ոչ մի իրավասություն չունեն, քանի որ ընթացքում են տեսչական բարեփոխումները։ Դրանց ավարտից հետո միայն տեսչությունը կշարունակի իր սովորական գործառույթների իրականացումը։ Հովյանի փոխանցմամբ՝ 2015 թ. մեկնարկած այդ բարեփոխումներին բավական քիչ ժամանակ է մնացել՝ մինչև տարեվերջ կավարտվեն։
Քրիստինա ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում