Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարմանում եմ, ինչպե՞ս կարող ենք մենք համեմատել բժշկին պատշարի կամ տիեզերագնացի հետ». Արա Բաբլոյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2017 11:33

Խորհրդարանում «Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու եւ բժիշկների նկատմամբ բռնությունը խիստ պատժելու նախագիծն է քննարկվում:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որը մասնագիտությամբ բժիշկ է, ասաց, որ զարմացել է պատգամավորների վերաբերմունքից. «Զարմանում եմ, որ իմ որոշ գործընկերներ բժշկի մասնագիտությունը կարող են համեմատել պատշարի հետ, այն պարագայում, երբ բժշկի մոտ մարդ գնալիս միշտ հոգեբանական ծանր վիճակում են գտնվում, հասկանալի է, որ շատ անգամ կարող են չափից դուրս գալ, բայց դա չի նշանակում, որ կարելի է բժշկին կամ բուժաշխատողին ծեծի ենթարկել միայն այն պատճառով, որ այս կամ այն բժշկական հաստատությունը, որը  պետք է շտապօգնության բժշկին ուղարկեր կանչի, այդ պահին մեքենա չի եղել, զբաղված է եղել ուրիշ կանչով: Երբ բժշկին ծեծել են եւ մահացել է բժիշկը, դրանից հետո արդյոք ո՞վ է զբաղվել այն հիվանդով, որի համար կանչ էին գրել: Դուք մոռացե՞լ եք, որ մենք ունեցանք այն դեպքը Գյումրիում, երբ բժշկին ծեծի ենթարկեցին, որովհետեւ կանչը երեւի թե 5 րոպե ուշացել էր: Արդյոք բժի՞շկն էր մեղավոր: Եթե նույնիսկ բժիշկն ունի իր մեղավորությունը, օրենքը հստակ դա կարգավորում է: Այստեղ խոսքը վերաբերում է հետեւյալին՝ երբ մենք առանձնացնում ենք  այս կամ այն մասնագիտությունը, մենք նրանց ոչ թե տալիս ենք արտոնություններ եւ ասում ենք, որ բժիշկն արտոնյալ է, ո՛չ: Բուժաշխատողն աշխատում է ծանր պայմաններում, ծանր իրավիճակում, երբ մարդիկ իր մոտ գալիս են արդեն իսկ նյարդայնացած, երբ ինքը պետք է կարճ ժամանակում որոշում ընդունի, որ այնպիսի բուժում իրականացնի, մարդու կյանքը փրկի, այդ պահին, երբ իրեն խանգարում են, բռնանում են, միանշանակ թույլ չեն տալիս, որ ինքը զբաղվի իր պացիենտով, ինչպե՞ս կարող ենք մենք համեմատել նրան պատշարի կամ տիեզերագնացի հետ: Զարմանում եմ, որ ունեմ նման մոտեցումներ՝ մեր երկրում»:

Նա դիմեց Սերգեյ Բագրատյանին, որը նման կարծիք էր հայտնել, թե եկեք մի օրենք էլ պատշարների մասին ընդունենք: Բաբլոյանը Բագրատյանին ասաց, որ «կարող եք դեմ քվեարկել, ես չեմ կարող միջամտել, բայց ուզում եմ, որ մենք ճիշտ գնահատենք այս կամ այն մասնագիտությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930