Մինսկի պասիվությունը թե՛ վնասել կարող է մեզ եւ թե՛, հակառակը, ժամանակ շահելու հնարավորություն ընձեռել։ Նույն դիլեմայի առջեւ է նաեւ Ադրբեջանը։ Երբ համեմատում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի պահվածքները, նկատելի է, որ ժամանակ շահելու հարցում ավելի շատ շահագրգռված ենք մենք։ Ադրբեջանը, ընդհակառակը, շահագրգռված է, որ խնդիրը տեղափոխվի այլ հարթակներ, արծարծվի ամեն օր եւ ամեն տեղ։ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտությունը քննարկման առարկա է դարձնում ռուս-իրանական, ռուս-թուրքական բանակցություններում, ԱՊՀ-ում, Մոսկվայի, Վաշինգտոնի, ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ իր հարաբերություններում։ Մինչդեռ Հայաստանը, չմերժելով Ադրբեջանի հետ բանակցությունների որեւէ հնարավորություն, այդուհանդերձ, առանձնապես ակտիվություն չի ցուցաբերում ղարաբաղյան խնդրի՝ այլ հարթակներում քննարկելու, պրոցեսն այդկերպ արագացնելու առումով։
Սա մյուս կողմից էլ նշանակում է, որ մեզ, գուցե, ձեռնտու է ՄԽ պասիվությունը։ Մենք գիտենք հավերժ ձգվող հակամարտությունների օրինակներ, որոնցից ամենացայտունը, թերեւս, Կիպրոսն է։ Այսօր այդ կղզու թուրքական եւ հունական հատվածների միջեւ ընթացող բանակցություններում թուրքական զորքերի դուրսբերման հարցն ամենավերջին տեղերում է հայտնվել։ Եվ դրա պատճառը ժամանակն է։ Թուրքիայի ներխուժումը Կիպրոս սկսվել է 1974 թվականի հուլիսի 20-ին եւ ավարտվել 1974 թվականի օգոստոսի 18-ին՝ Կիպրոսի պետական հեղաշրջմամբ։
Մեր դեպքում պատերազմական գործողություններ սկսողն Ադրբեջանն է եղել, եւ այդ պատերազմն ավարտվել է 1994թ. զինադադարով ու ներկա ստատուս քվոյի ամրագրմամբ։ Ադրբեջանի մեծագույն ցանկությունն է հայկական ուժերի կողմից ազատագրված տարածքները ներկայացնել որպես օկուպացված տարածքներ։ Նրան այդ հարցում ձայնակցում է Թուրքիան՝ մի պետություն, որ ստեղծվել է բազմաթիվ ազգերի բնօրրանների վրա ու այսօր էլ օկուպացված է պահում Կիպրոսը։ Իրենց խնդիրներով տարված՝ աշխարհի հզորները, ժամանակի հետ, կարծես համակերպվել են Թուրքիայի գոյության փաստի հետ, եւ, վստահաբար, նրանք համակերպվելու են նաեւ Ղարաբաղի ներկա ստատուս քվոյի հետ, որովհետեւ ապագայում էլ նրանք սեւեռված են լինելու իրենց եւ ոչ թե մեր խնդիրների վրա։
Ժամանակ շահել։ Շատերն ասում են, թե դա հարցի լուծում չէ։ Համամիտ չենք, իհարկե։ Դիցուք՝ Ադրբեջանը մեզ երկու անգամ ապացուցել է, որ կարող է պատերազմ սկսել եւ զինադադար խնդրելով ու բանակցություններ սկսելով ժամանակ շահել ու խուսափել մեծ կորուստներից։ Ձգվեր ապրիլյան պատերազմը՝ ինչո՞վ կավարտվեր այն Ադրբեջանի համար՝ այսօր ոչ ոք չի կարող ասել, սակայն փաստ է, որ Մոսկվայում Բաքվի խնդրանքով ձեռք բերված նոր զինադադարը փրկեց ադրբեջանական բանակի մնացորդները։ Այո, մնացորդները, որովհետեւ այդ բանակն ընդունակ չէ երկարատեւ պատերազմի։ Նրանց կրած սարսափելի կորուստները, որ հետեւանք էին միայն հայկական ուժերի առաջնագծին բախվելու, տասնապատիկ եւ հարյուրապատիկ ավելին էին լինելու, եթե ձգվեր այդ պատերազմը։ Ի պատիվ Ալիեւի, պետք է ասել, որ նա շուտ հասկացավ դա։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում