ԱԺ-ում քննարկվում է ՀՀԿ պատգամավորներ Կարեն Ավագյանի ու Հրայր Թովմասյանի նախագիծը՝ «Քրեական օրենսգրքում լրացում անելու մասին:
Օրինագծով նախատեսվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը՝ պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Նաեւ նույն արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժել նույնիսկ ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով:
Ըստ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի, նախագծում այնպիսի ձեւակերպում պետք է գրել, որ մարդկանց մոտ հարց չառաջանա՝ ի՞նչ արժեք է ներկայացնում բժիշկը եւ ինչո՞ւ պետք է պաշտպանել նրան, եւ ոչ թե հովվին կամ հացթուխին:
Հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ բժիշկների եւ բուժաշխատողների դեպքում մեծ նշանակություն ունի, որ ոչ միայն պաշտպանում ենք իրենց կյանքն ու առողջությունը, այլ եթե իրենց մի բան է պատահում, վտանգվում է նաեւ պացիենտի կյանքն ու առողջությունը. «Մենք չենք ասում, որ բժիշկները մեզ համար շատ կարեւոր են, իսկ երկրաբանները, իրենց գիտական ուսումնասիրությունները կարեւոր չեն, դրա համար եկեք իրենց չպաշտպանենք»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանի խոսքով՝ երբեմն բժիշկը կարող է դրդել, որ «պացիենտը կամ բարեկամները բռնության դիմեն»: Նա ասաց, որ մյուս կողմից կարող է լինել հոգեկան խանգարումներով հիվանդ, քրեական տարր կարող է լինել, չե՞ք մտածում ապահովել բժիշկներին տեսախցիկներով կամ ձայնագրող ապարատներով, որպեսզի հետագայում արդարությունը վերականգնվի եւ իրոք մեղավորը պատժվի:
Նախագծի համահեղինակ Կարեն Ավագյանն էլ պատասխանեց, որ եթե նման նախաձեռնությամբ պատգամավորը հանդես կգա, որ բժիշկներին նաեւ տեսախցիկներ տան, ինքը կմիանա այդ նախաձեռնությանը. «Մեր խնդիրը կանխարգելելն է: Եթե դրանից հետո կլինեն «տղամարդիկ», որոնք բժշկի ծեծելը մեծ տղամարդկություն կհամարեն, պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը գտնում էր, որ բնավ կարիքը չկա Քրեական օրենսգիրքը ծանրաբեռնել այսպես, այս դրույթը կա՛մ չի գործելու հետագայում կա՛մ չարաշահումների տեղիք է տալու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ