Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու պիտի մանկավարժներին ծեծելու մասին օրենք չլինի, բժիշկների համար լինի. Քննարկում ԱԺ-ում (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2017 10:54

ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանն ու Հրայր Թովմասյանն առաջարկում են Քրեական Օրենսգրքում լրացում անել եւ օրինագիծ են ներկայացրել ԱԺ-ի քննարկմանը: Օրինագծով նախատեսվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը՝ պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Նաեւ նույն արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժել նույնիսկ ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարցրեց. «Այնպիսի մոտեցում է, որ բռնարարքը այս կամ այն մասնագետի նկատմամբ կարելի է իրականացնել, բժիշկների հանդեպ անհնար է իրականացնել: Մասնագիտական առանձնացված որոշակի վերաբերմունքն է կարեւորվում, այնինչ հակաօրինական քայլերի նկատմամբ վերաբերմունքը պետք է ընդհանուր լինի բոլորի համար»:

Նախագծի համահեղինակ Կարեն Ավագյանն էլ հիշեցրեց, որ տարբեր մասնագետների նկատմամբ առանձին օրենքներ ու հոդվածներ կան, օրինակ, լրագրողների նկատմամբ բռնությունների մասին հոդված կա, 316 հոդված կա, զինծառայողների հետ կապված կա. «Թե ինչու մանկավարժների չենք գրել, միայն բժիշկների՝ որովհետեւ միայն բժիշկներն են, որ առանձին հոդվածներով պատասխանատվության են ենթարկվում, եթե իրենց գործունեության ընթացքում որոշակի մասնագիտական խնդիրներ են ստեղծում: Քանի որ կա պատասխանատվություն, նաեւ որոշակի իրավունքների խնդիր է առաջանում: Սրանով մենք ցույց ենք տալիս պետության վերաբերմունքը առողջապահության մասնագետներին՝ շտապօգնության վարորդին, քույրերին, միայն բժիշկների խնդիրը չի»:

Էնֆիաջյանը արձագանքեց, որ առհասարակ բռնություն չպետք է իրականացվի որեւէ մասնագիտական գործունեություն իրականացնելիս: Նա հարցրեց՝ բժշկական միջամտության հետեւանքով քանի՞ մարդ է հաշմանդամություն ձեռք բերել, ծննդաբերությունում քանի՞ մահվան դեպք է արձանագրվել, ունե՞ն վիճակագրությունը:

Կարեն Ավագյանը պատասխանեց. «Դուք ճիշտ եք, նման դեպքեր էլ կան եւ շատ դեպքերում բժիշկները սխալ են անում, բայց կոպիտ բժշկական սխալը, անգրագիտությունը հստակ պատժվում են: Մամուլում տեղ գտած դեպքերի ժամանակ էլ համապատասխան ընթացքն անցնում են՝ օրենքի ողջ խստությամբ»:

Բայց, ըստ նրա, բռնության ենթարկված բժիշկներ էլ շատ կան. «Մեր բժիշկները պաշտպանված չեն եւ օրենքի նախագծով ուզում ենք կանխարգելել»:

Հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանն էլ հավելեց, որ սրանով խորհրդարանը ազդակ է ուղղում, որ բժիշկների նկատմամբ բռնություն չգործադրեն:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի համար էլ անհասկանալի էր՝ ինչո՞ւ միայն բժիշկներ. «Ինչո՞ւ մենք տիեզերագնացների մասին նման օրենք չենք ուզում ընդունել: Միգուցե նաեւ գաջեգործների մասին ընդունենք, վաղը՝ պատշարի, որովհետեւ վտանգավոր է, պատը կարող է փլվել: Այսինքն, ինչո՞ւ եք առանձնացնում, չի կարելի հանրային կյանքի որեւէ ոլորտ կարեւորել ու առանձնացնել, բոլորն էլ կարեւոր են, ես, օրինակ, երկրաբան եմ մասնագիտությամբ: Երկրաբանի կյանքին, առողջությանը երբ վտանգ է սպառնում, կամ խոչընդոտում են մեր աշխատանքին, եկեք մի հատ էլ օրենք դրա մասին ընդունենք»:

Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Լրագրողի աշխատանքին խոչընդոտելն էլ եք գտնում, որ պետք չի գրել: Եկեք լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելն ուժը կորցրած ճանաչենք, դուք հանդես եկեք Քրեական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրենսդրական առաջարկությամբ, բոլոր հատուկ կատեգորիաները ուժը կորցրած ճանաչենք եւ ընդհանուր դրույթներ լինեն: Վստահ չեմ, որ կողմ կքվեարկեմ, բայց առնվազն կմասնակցեմ քննարկմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930