Առավոտյան «Արմենպրես» գործակալությունը հայտնել էր, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի նախագիծը պատրաստ է և այն դրական ձևակերպումներ է պարունակում ԼՂ խնդրի վերաբերյալ, սակայն ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացրեց, որ հենց ԼՂ խնդիրն առիթ է հանդիսացել, որ գագաթնաժողովի բանաձևի նախագիծը հայտնվի փակուղում: «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը Բրյուսելից հաղորդել է. «Երեկ Եվրամիության անդամ բոլոր 28 երկրների դեսպանները համաձայնության են եկել հռչակագրի շուրջ՝ բացի մեկ պարբերությունից, որը վերաբերում է տարածաշրջանային հակամարտություններին:
Եվրամիության անդամ երկրները բաց են թողել այս մասը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն ուզում են տեքստում Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներ մտցնել, որոնք ակնհայտորեն հակասում են միմյանց: Ըստ էության, հռչակագիրը պատրաստ է, և միայն Հայաստանն ու Ադրբեջանն են դեռ պայքարում Ղարաբաղին վերաբերող ձևակերպումների շուրջ»:
Բրյուսելում մտահոգություններ ունեն, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը միգուցե հրաժարվեն ստորագրել փաստաթուղթը՝ ղարաբաղյան խնդրի շուրջ ձևակերպումների կամ դրանց բացակայության պատճառով: Ըստ հավաստի տեղեկությունների` Բրյուսելում նույնիսկ միջանկյալ տարբերակ են առաջարկել, որ առանց այս կամ այն խնդիրը հասցեական նշելու, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի բանաձևում կոչ արվի ակտիվացնել ջանքերը հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա: Սակայն այս տարբերակը Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից չի ընդունվել, և նրանք կռիվ են տալիս` բանաձևն իրենց հարմարեցնելու նպատակով: Սա իսկապես փակուղային իրավիճակ է ստեղծել Եվրամիության պաշտոնյաների համար:
Սարգիս Արծրունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում