Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում աղքատներ չկան, ուռա՛, բարեկամներ. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 17,2017 10:28

ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը նախօրեին Ազգային ժողովում 2018 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ մի ցնցող ելույթ ունեցավ: Այդ ելույթից լրիվ հասկանալի է դառնում, թե որքանով է իշխանությունը տեղյակ երկրից, երկրի բնակչությունից, բնակչության կյանքից, դարդ ու ցավից:

Հակոբ Հակոբյանը հանրապետական կուսակցության անդամ է: Ի դեպ, մեղմ ասած՝ վերջին մարդը չէ իշխող ՀՀԿ-ում: Նա ԱԺ-ի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, ՀՀԿ խորհրդի անդամ է…:

Հայաստանում բնակչության մոտ մեկ երրորդը, կամ 900 հազար մարդ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ աղքատ է: Որպեսզի այդ 900 հազարը էլ աղքատ չլինի, պետք է նրանց հատկացնել ընդհանուր առմամբ տարեկան 240 միլիարդ դրամ: Բայց արի ու տես, որ արտագնա աշխատանքի մեկնած կամ արտասահմանում բարեկամներ ունեցող մարդիկ տարեկան ընդհանուր առմամբ ստանում են 500 միլիարդ դրամ: Բայց պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 900 հազար մարդ աղքատ է: Ուրեմն ո՞րն է խնդիրը: Խնդիրը, ըստ Հակոբ Հակոբյանի, «ինֆորմացիոն համակարգն է», այսինքն՝ վիճակագրությունը սխալ է: Իրականում, ըստ Հակոբ Հակոբյանի, Հայաստանում աղքատություն չկա, կամ շատ ավելի քիչ է, քան ցույց է տալիս պաշտոնական վիճակագրությունը:

Առաջին հայացքից թվաբանական անթերի վերլուծություն է: Բայց՝ միայն առաջին հայացքից: Իրականում աղքատությունը հաշվարկելիս վիճակագրական ծառայությունը հաշվի է առնում Հակոբ Հակոբյանի նշած 500-600 միլիարդ դրամը, եւ այդքանից հետո էլ դեռ 900 հազար մարդ Հայաստանում աղքատ է: Ու Ազգային Ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Հակոբ Հակոբյանը այդ մասին չգիտի: Կամ էլ գիտի, բայց մեզ չի ասում, որ մենք էլ համոզված լինենք, որ շնորհիվ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հմուտ ղեկավարության՝ Հայաստանում աղքատներ չկան, կամ շատ քիչ են:

Հատուկ պարոն Հակոբյանի համար բերենք մի քանի տվյալ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2016» զեկույցի համաձայն, Հայաստանի բնակչության ամենաաղքատ 10 տոկոսի յուրաքանչյուր ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանի նշած տրանսֆերտներից ստանում է ամսական 526 դրամ: Իսկ բնակչության ամենահարուստ 10 տոկոսի յուրաքանչյուր ներկայացուցիչ ստանում է ավելի քան 16 հազար դրամ՝ ամսական: Այլ կերպ ասած, տրանսֆերտները լավ էլ հաշվարկված են «պետության ինֆորմացիոն համակարգում»: Դրանից պարզ երեւում է նաեւ, որ տրանսֆերտները հավասարաչափ չեն բաշխվում ու աղքատների «հարստացման» վրա դրա ազդեցությունը մեծ չէ:

Մի քանի տվյալ էլ հրապարակենք հատուկ Հակոբ Հակոբյանի համար, հույս ունենալով, որ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ նա այդ մասին կզեկուցի ՀՀԿ անփոխարինելի նախագահ Սերժ Սարգսյանին: Ըստ հետազոտությունների, Հայաստանում երեխաների 33.9 տոկոսը չունի խաղալիքներ ու հեծանիվ, 57.1 տոկոսը տարվա ընթացքում գոնե մեկ շաբաթով իր արձակուրդը չի անցկացնում տանից հեռու, երեխաների 34.8 տոկոսը ծնողներից չի ստանում «գրպանի փող», երեխաների 67.8 տոկոսը չի այցելու որեւէ խմբակ նույնիսկ ամիսը մեկ անգամ…: Ու ընդհանրապես՝ Հայաստանում երեխաների 33.7 տոկոսը աղքատ է: Սրանք այն նույն «պետական ինֆորմացիոն համակարգի», կամ նույն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն են, որը նույն ՀՀԿ-ի համար տնտեսական աճեր է նկարում:

Մի խոսքով, Հակոբ Հակոբյանը լավագույն դեպքում չի էլ պատկերացնում, թե իրականում ինչպես են մարդիկ ապրում Հայաստանում: Նա չգիտի, որ երկրում կան աղքատներ եւ նրանց թիվը շատ ավելի շատ է, քան ներկայացնում է «պետական ինֆորմացիոն համակարգը»:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Նա պնդում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է կառուցել ճիշտ պետություն: Ու ճիշտ է պնդում: Եթե պետությունը լիներ ժողովրդակենտրոն, ապա ռազմավարական նշանակության խոշոր կազմակերպությունները չհիմնավորված ձևով չէր նվիրի նման օլիգարխներին: Ինչու Արփա-Սևան ջրանցքը պետք է պատկանա այս մարդուն: Ինչ ծառայությունների համար է նա ստանում այդ գերշահույթը և ինչու չպետք է այդ շահույթը մնար պետությանը, որը կհարստացներ մեր երկրի բյուջեն ու կնպաստեր բազմաթիվ սոցիալական խնդիրների լուծմանը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930