Այս շաբաթ կառավարությունը վերջապես հայտարարեց, թե որքան ներդրում է լինելու տնտեսությունում, և ով է այդ «խիզախ» ներդրողը: «Տաշիր» ընկերությունը Հայաստանի ներդրողների ակումբի և մի շարք միջազգային կազմակերպությունների հետ մտադիր է ավելի քան 1 միլիարդ դոլարի ներդրում անելու Հայաստանի էներգետիկ ոլորտում: Այսինքն, ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանն է ներդրում անում սեփական բիզնեսում, և դա ձևակերպվում է որպես խոշոր ներդրում տնտեսությունում: Այսուհանդերձ, կառավարությունը կատարե՞ց իր խոստումը՝ 850 մլն դոլարի փոխարեն 1 միլիարդի ներդրում է անում: Ընդդիմությունը մշտապես կասկածի տակ էր դնում կառավարության այս խոստումը, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` հիմա գո՞հ եք ներդրումների չափից:
-Իհարկե, չենք կարող գոհ լինել,- ասաց պատգամավորը:- Գիտե՞ք, այնպես չէ, որ հայտարարվեց 1 միլիարդ կամ 1 միլիարդ 24 միլիոն դոլար ու վերջ: Դա տրիվիալ, ծիծաղելի լիրիզմ է: Ներդրումը ոչինչ չի նշանակում, եթե որոշակի ուրվագծեր չի ստանում, այսինքն, ստեղծել նոր աշխատատեղեր, արդիական գործունեության ձևեր, մարդկանց գործունեության մակարդակը բարձրացնել, եկամուտները մեծացնել: Ներդրումն ընդամենը տնտեսագիտական բառ է, որին պետք է հետևեն դրական քայլերը: Ներդրումը կարող է լինել փոքր, բայց առարկայական և չափելի, իմա` նոր աշխատատեղեր կամ նոր արտադրանքի ստեղծում և այլն: Մակերեսային մոտեցում է, երբ հայտարարում են, թե այսքան կամ այնքան ներդրում կբերեն: Օրինակ, իմ սենյակի համար պետության գումարներով սեղան, աթոռ գնեցի, ասեմ, որ դա ներդրու՞մ է: Ոչ, դա ներդրում չէ, դրանք ավելորդ ծախսեր են: Չեմ կարող ասել, որ այս 1 միլիարդի ներդրումը երկրի համար կլինի «փոշի ծախս», բայց ցանկանում եմ տեսնել դրա որակական կողմը, տված արդյունքը և այդ ամենի կատարման իրական ժամանակացույցը:
-Փաստորեն, «Տաշիր» ընկերությունը, շահույթ հետապնդելու նպատակով, սեփական բիզնեսում ներդրում է անում, պետությունը կարո՞ղ է իրեն վերագրել դա և հայտարարել, թե այդքան ներդրում է ապահովել երկրում:
-Ոչ, պետությունը կարող է վերցնել իր վրա գործընթացները կարգավորելու խնդիրը: Դասական տեսությունները հուշում են, որ պետությունները կոչված են բացառելու կամ մեղմելու քաոսը, մասնավորապես ազատական շուկայական հարաբերությունների պայմաններում պետությունը մեծ ծախսատար քայլեր իրականացնելու խնդիր չունի, հատկապես այն ժամանակ, երբ տնտեսավարող սուբյեկտներն ի վիճակի չեն ծավալելու տվյալ գործունեությունը: Մյուս բոլոր դեպքերում պետությունը մասնավորին է հանձնում բիզնեսը, քանի որ մասնավորը մրցակցության պայմաններում ավելի լավ և արդյունավետ է ծրագրերն իրականացնում, քան պետությունը: Բայց պետությունը իր կարգավորիչ դերը շատ լավ պետք է իրականացնի, որպեսզի սուբյեկտիվ տարրը բացառվի:
-Ի վերջո, կառավարության խոստումը կարելի՞ է կատարված համարել:
-Այս պահի դրությամբ կարելի է ասել` այո: Ցանկալի կլիներ, որ այդ 1 միլիարդի հետևում եղածն էլ ասեին:
Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում