Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ օգտագործել ընդվզման ներուժը

Նոյեմբեր 17,2017 10:11

Եթե ես այսօր ուսանող լինեի եւ հետաքրքրվեի «ակտիվիզմով», ապա ես կպայքարեի ոչ թե «սուտի» մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի միջոցով բանակից ազատվելու համար, այլ կդնեի ավելի խորքային խնդիր՝ ուսանողական կյանքն ապաքաղաքականացնելը: Այսօրվա ուսխորհուրդներն ու նրանց ղեկավարներն իրենց «քառակուսիությամբ» ինձ հիշեցնում են կոմսոմոլ կարիերիստների ամենահետամնաց, «ամենաքարանձավային» տեսակը: Պաշտոնապես հայտարարված բազմակուսակցական համակարգի եւ խոսքի հարաբերական ազատության պայմաններում նման կերպարներն ընկալվում են որպես, մեղմ ասած, խիստ ժամանակավրեպ:

Իմ ուսանողական տարիներին, այն բուհում, որտեղ ես էի սովորում (կոնսերվատորիայում), կար երիտասարդներին միավորող երկու կառույց. մեկը ձեւականորեն գաղափարականացված էր եւ քաղաքականացված՝ կոմսոմոլն իր մեծ ու փոքր բջիջներով, իսկ մյուսը՝ բուն ուսխորհուրդը, որը կոչվում էր Ուսանողական գիտական ստեղծագործական միություն (ՈՒԳՍԸ), բացարձակապես ապաքաղաքական էր եւ զբաղվում էր գիտական կոնֆերանսների, բանավեճերի եւ համերգների կազմակերպմամբ: Եթե անկեղծ լինեմ, քաղաքականությունը՝ Բրեժնեւի կամ Քաղբյուրոյի լավը կամ վատը լինելը մեզ բացարձակապես չէր հետաքրքրում, մենք զբաղվում էինք այն գործերով, որոնք մե՛զ համար հետաքրքիր էին, եւ ոչ ոք մեզ չէր խանգարում: Իհարկե, փառք ու պատիվ մեր ռեկտոր Ղազարոս Սարյանին, որն ապահովում էր այդ ազատությունը, ուրիշ՝ պակաս լայնախոհ, պակաս տաղանդավոր ղեկավարի պարագայում իրավիճակը գուցեեւ այդքան բարենպաստ չլիներ: Բայց փաստը մնում է փաստ՝ 1980-ականների սկզբին, խորը լճացման տարիներին, խորհրդային տոտալիտար համակարգի պայմաններում, իմ իմացած ուսխորհուրդը (որը երկու տարի պատիվ ունեի ղեկավարելու) ավելի ազատ էր, քան այսօր մեր, ինչպես ասում են, լուսավոր դարում:

Բոլոր կոճակներով կոճկված, աղքատիկ բառապաշարով, «նժդեհական» դոգմաներից ոչ մի սանտիմետր չհեռացող ուսխորհուրդների ֆունկցիոներները, իմ կարծիքով, խիստ բացասական դեր են խաղում թե բուհերի եւ թե ընդհանրապես երիտասարդության կյանքում: Եվ ահա ես մտածում եմ՝ եթե մեր ուսանողների մեջ իսկապես կա ընդվզման ներուժը, ապա ինչո՞ւ այն չօգտագործել բուհերի ուսխորհուրդներն ապաքաղաքականացնելու ուղղությամբ: Չէ՞ որ ուսխորհուրդներն ընտրվում են, չի՞ կարելի արդյոք այդ ընտրությունների ժամանակ ալիք բարձրացնել, «արթնացնել» անտարբերներին եւ ընտրել ապակուսակցական մարդկանց (թեկուզ այս օրերին հայտնի դարձած տղաներից), որոնք ուսանողների կյանքը կդարձնեն ավելի վառ, ավելի հետաքրքիր: Թե՞ իմ ասածը իրատեսական չէ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ես կողմնակից եմ միակուսակցականությանը, այդ միակ կուսակցության անունը պետք է լինի Պետություն, իսկ նրա անդամները պետք է կոչվեն քաղաքացիներ, պետք է լինի այդ կուսակցության գաղափարախոսություն, փոքրիկ քաղաքացիներն ու երիտասարդ քաղաքացիները դպրոցում, քաղաքացու թեկնածու եւ իսկական քաղաքացի դպրոցից հետո, այսինքն՝ ուղղահայաց բուրգային կառույց լինի:

  2. Gohar says:

    Հարգելի Արամ Աբրահամյան ,
    շնորհակալություն, շա՜տ տեղին եք գրել։
    1966 ՞թե 67թթ գիտե՞ք թե ով էր Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական ինստիտուտի կօմսօմոլի քարտուղարը։ Հաստատ չ՛գիտեք։
    Արա Բաբլոյանը՝ Ազգային Ժողովի ներկա Նախագահը։

  3. Հ.Շ. says:

    Այս հիւանդութիւնը համատարած է, ափսոս:

    Քանատայի Գէպէք Նահանգում, մի քանի տարիներ առաջ, ուսանողական խորապէս անհեթեթ ու շատ երկարատեւ դասադուլի մը պատճառով, ուսանողներու փոքրամասնութիւն մը յաջողեցաւ մեծամասնութիւնը զրկել կէս տարիից աւելի ուսումէ: Ցուցարարները մարմնապէս խոչընդոտեցին դասարան մտնել ջանացող ուսանողներին: Մերժեցին ենթարկուիլ Օրէնքին, մինչեւ իսկ մերժեցին հնազանդիլ դատարանների հրահանգներին: Իսկ այդ «ուսանողական» շարժման պարագլուխները անմիջապէս դարձան քաղաքական կարկառուն դէմքեր, տիրացան քաղաքական պաշտօնների: Իրենք իրենց քաղաքական հռչակ եւ հետեւաբար ասպարէզ ապահովեցին, ծանր վնաս հասցնելով բազմահազարաւոր ուսանողների, որոնք միայն պարզապէս կ’ուզէին իրենց ուսումը ստանալ:

    Հենց այս պահին, նոյնանման կացութիւն մը գոյացած է Քանատայի Օնթարիո Նահանգում…

    Արեւմտեան երկիրներում, յանուն հնամաշ գաղափարաբանութեանց եւ քաղաքական գետնաքարշ հաշիւներով, այսպիսի շարժումներ կը վայելեն այլազան այլ խմբակցութիւնների բացայայտ աջակցութիւնը: Այլ ուսանողների դասադուլ պարտադրող ուսանողներին կը քաջալերեն մինչեւ իսկ… դասատուներ:

    Ուղղակի գարշելի բան է:

    Յուսանք որ Հայաստանը կը յաջողի ինքզինք պաշտպանել այս խորապէս քանդիչ ազդեցութիւնների, փոխանցիկ ախտերի դէմ…

    • Հ.Շ. says:

      մէջբերում՝ «Չէ՞ որ ուսխորհուրդներն ընտրվում են, չի՞ կարելի արդյոք այդ ընտրությունների ժամանակ ալիք բարձրացնել…»

      ճիշդ այս բաները ըսուեցան նաեւ Քանատայում վերոյիշեալ աղետալի դէպքերի ընթացքին…

      մէկդի դնելով իսկ ուսանողական աշխարհում «ժողովրդավարութեան» գործընթացքների շատ վիճելի երեսները, ամէն դէպքում, ուսանողական պաշտօնների վրայ բազմած անձինքը եւ անոնց զօրակցող պարապ-տակարները քաղաքականացած էակներ են. մինչ մնացեալ ուսանողները հետարքրքութիւն եւ որեւէ հմտութիւն չունին, քաղաքականութեան նկատմբամբ, չգիտեն ինչ անեն, ոնց անեն, չեն ուզում մտնել այդ զզուելի կրկեսին մէջ: Այս պատճառով ալ, քաղաքական ակտիվիստները իրենց ուզածի՜ն պէս կ’«իշխեն» ուսանողական աշխարհում, մինչ մնացեալ, իսկական ուսանողները հարկադրուած են ենթարկուելու անոնց այլազան յիմարութիւններին, քաղաքական խաղերին:

  4. оган says:

    Խմբագրի առաջարկը շատ նման է Արկադի Ռայկինի հերոսներից մեկի առաջարկին, երբ խորհուրդ էր տալիս բալետի պարուհու ոտքից պարան կապել և պտտվելիս էլեկտրաէներգիա ստանալ: Եվ դա հասկանալի է՝ սովետական ժամանակների կվազիմտավորականներից շատերը ավելի հեռուն չեն տեսնում: Ցավալին այն է, որ ոչ ոք չի փորձում տեսնել երիտասարդների մեջ կուտակվող և ահռելի չափերի հասնող բողոքը: Բողոք թե իրենց վիճակի, թե ծնողների խոշտանգված երիտասարդության համար: Միայն այդ բողոքի ալիքը կարող է մաքրել այս համատարած կեղտը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930