Լրահոս
Օրվա լրահոսը

Դա նույնիսկ վարչապետի վարքի փոփոխություն չէ, դա մաներայի փոփոխություն է. «Ժամանակ»

Նոյեմբեր 17,2017 10:14

Այն, որ Կարեն Կարապետյանը իր կոստյումը հանում և կախում է աթոռից ու սկսում բավական էմոցիոնալ և անգամ վարակիչ ու ոգևորիչ խոսակցությունը, գուցե շատ արժեքավոր բան է, բայց իշխանության վարքի փոփոխություն չէ: Դա նույնիսկ վարչապետի վարքի փոփոխություն չէ, դա մաներայի փոփոխություն է: Իշխանության վարք հասկացությունը լիովին այլ է, մոտավորապես այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում «Վարդերի հեղափոխությունից» հետո: Իսկ եթե չի փոխվում իշխանության վարքը, ապա հասարակությունը իրավունք չունի պարզապես վստահել ու հավատալ ընդամենը մաներաների փոփոխությանը, որովհետև դա պարզապես կնշանակի սպառնալիք ազգային անվտանգությանը, եթե որևէ պետություն կարող է ունենալ ընդհանրապես այդպիսի դյուրահավատ հասարակություն:

Բարեբախտաբար, Հայաստանում այդպիսի հասարակություն չկա: Պարզապես կա անտարբեր հասարակություն, բայց ոչ դյուրահավատ: Հենց դյուրահավատության բացակայությունն է, որ պահում է մեզ անտարբերության ծանր հետևանքից:

Իշխող համակարգն առայժմ շահագործում է այդ անտարբերությունը, բայց նաև 2018-ի բյուջետային քննարկումներում հնչող ընդդիմախոսությանը կառավարության և խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների պատասխանները վկայում են, որ իշխող համակարգում հանրային անտարբերությունը շփոթում են դյուրահավատության հետ՝ կարծելով, որ հանրությունը հավատում է իրենց փաստարկներին: Դա պայթյունավտանգ թյուրըմբռնում է: Դա բոլորովին չի նշանակում, այսպես ասած, հեղափոխական պայթյուն կամ սոցիալական բունտ և այլն: Պայթյուն կլինի այն, երբ որևէ կերպ հերթական անգամ կդրսևորվի հասարակության և իշխանության միջև, այսպես ասած, կապի բացարձակ բացակայությունը:

Մի անգամ այդ պայթյունը դրսևորվել է Մարտի 1-ի ողբերգությամբ, երբ դրանից առաջ էլ «վագրային թռիչքներ» ազդարարող իշխանությունն էր համոզված, որ իրեն հավատում են, և չկա որևէ խնդիր՝ թվերն աճում են և անգամ ներգաղթն է աճում արտագաղթի նվազման ֆոնին: Բայց հետո պարզվեց, ցավալի և արյունոտ ողբերգության տեսքով, որ իրականում այդ ամենը բացարձակ կապ չուներ իշխանության հանդեպ վստահության հետ:

Հասարակության և իշխանության կապի իսպառ բացակայությունը վաղ թե ուշ հանգեցնում է որևէ տարբերակով կոլապսի, և չարյաց փոքրագույնն է միայն, երբ դա չի լինում արյունոտ: Բայց Հայաստանը վաղուց այն վիճակում չէ, որ իրեն թույլ տա գոհանալ մեծ չարիքից փոքրի գնով խուսափելու հանգամանքով:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930