Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի նախագահի նոր խորհրդականն ապրիլյան քառօրյան ակտիվ մեկնաբանած քաղաքական գործիչ է

Նոյեմբեր 17,2017 16:00

«Եթե երկու հարեւան երկրների միջեւ նոր պատերազմ սկիզբ առնի, այն չի բխելու ո՛չ տարածաշրջանի, ոչ էլ կովկասյան որեւէ պետության շահերից»,- ասել է նա:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիի հրամանագրով օրերս երկրի նախագահի նոր խորհրդական է նշանակվել Համիդ Աբութալեբին, որն Իրանի նախագահի աշխատակազմի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի Ասիայի ուսումնասիրության բաժնի պետն է եւ աշխատակազմի ղեկավարի՝ քաղաքական հարցերով օգնականը։ «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով նրա նշանակմանը՝ իրանագետ Արտյոմ Տոնոյանը տեղեկացրեց, որ Աբութալեբին նախկինում եղել է Իրանի դեսպանն Ավստրալիայում, Եվրամիությունում, Իտալիայում, նաեւ՝ Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով քարտուղարը։

«Չնայած այն փաստին, որ ըստ արեւմտյան որոշ լրատվամիջոցների՝ Աբութալեբին եղել է 1979թ.-ի նոյեմբերի 4-ին Իրանում ամերիկյան դեսպանատունը գրաված եւ աշխատակիցներին 444 օր՝ մինչեւ 1981թ.-ի հունվարի 20-ը պատանդառած ուսանողների թվում, Աբութալեբին 2013թ.-ին անձամբ հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ պատանդառության դեպքի ժամանակ ամերիկյան դեսպանատուն գնացել է միայն մեկ անգամ՝ Հռոմի պապի հետ միասին՝ որպես թարգմանիչ։ Ընդ որում, 2014թ.-ին՝ անմիջապես այն բանից հետո, երբ Իրանի կառավարությունը ներկայացրեց Աբութալեբիին որպես Իրանի ներկայացուցիչ ՄԱԿ-ում, ԱՄՆ սենատն ու կոնգրեսն ընդունեցին որոշում, որով արգելում էին Աբութալեբիի մուտքն ԱՄՆ։ Ավելի ուշ այդ որոշման տակ ստորագրեց նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ ժամանակին Համիդ Աբութալեբիի մասնակցությամբ մեկ այլ սկանդալային պատմության մասին հրապարակում է տեղ գտել նաեւ The Daily Telegram օրաթերթի էջերում, ըստ որի՝ 1993թ.-ին, երբ Աբութալեբին եղել է Իտալիայում Իրանի դեսպանը, նա մեղադրվել է այնտեղ տեղի ունեցած Իրանի ընդդիմադիր գործիչներից Մոհամմադ Հոսեյն Նաղդիի սպանության մեջ. «Իրանական կողմն այդ մեղադրանքին հակադարձել է՝ ասելով, որ 1993թ.-ին Աբութալեբին չի եղել Իտալիայում՝ ավարտած լինելով իր դեսպանական առաքելությունն այնտեղ 1992թ.-ին»։
Տոնոյանն ընդգծեց, որ Իրանի նախագահի նոր խորհրդականը բավականին ակտիվ է եղել 2016թ.-ին Ադրբեջանի հրահրած ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ՝ այդ թեմայով մի քանի գրառումներ կատարելով իր թվիթերյան էջում: Նա մասնավորապես գրել է.
– Բախումների թեժացումը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին, ինչպես նաեւ իրավիճակի ճգնաժամային դառնալը կարող են երկու երկրների միջեւ իրավիճակի անվերահսկելիության սկիզբ լինել (02.04.2016թ.)։

– Պետք է ուշադրություն դարձնել բախումների զգայունության վրա, քանի որ եթե երկու հարեւան երկրների միջեւ նոր պատերազմ սկիզբ առնի, այն չի բխելու ո՛չ տարածաշրջանի, ոչ էլ կովկասյան որեւէ պետության շահերից (02.04.2016թ.)։

– Ավելի քան երկու տասնամյակ առաջ երկու հարեւան երկրների միջեւ խաղաղության հաստատման համար Իրանի ներդրած ջանքերը գնահատելի արդյունքներ ապահովեցին։ Այդ ջանքերը պետք է կրկին գործի դրվեն, քանի դեռ ուշ չէ (02.04.2016թ.)։

Ըստ Արտյոմ Տոնոյանի՝ Արցախյան հակամարտության թեմայով Աբութալեբիի թվիթերյան գրառումները եւս, ըստ էության, արտահայտում են պաշտոնական Թեհրանի՝ այդ օրերին որդեգրած դիրքորոշումը: «Այն կառուցված էր չեզոք մոտեցման պահպանմամբ տարածաշրջանում խաղաղության ապահովմանը միտված քայլերի իրականացման եւ որպես հակամարտության լուծում՝ պատերազմի բացառման սկզբունքների վրա»,- եզրափակեց իրանագետը:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Համիդ Աբութալեբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930