Իվետա Տոնոյանը վստահեցնում է, որ վիճակը պայթյունավտանգ է, վարչապետի աշխատանքը՝ անբավարար
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, ԱԺ-ում բողոքում էին կառավարության ապաշնորհությունից, ՊԵԿ-ի աշխատանքից, Կարեն Կարապետյանի ապահոված հետընթացից: Առիթը «Առինջ մոլի» առեւտրականների մոտ հարկային ստուգումներն են:
«Առավոտը» այս առնչությամբ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանին հարցրեց՝ հաշվի առնելով, որ հիմնականում «Առինջ մոլի» առեւտրականներն են բողոքի ցույց անում, տպավորություն է, որ Գագիկ Ծառուկյանն է նրանց հրահրում վարչապետի դեմ, սա արշա՞վ է՝ ընդդեմ վարչապետի: Նա պատասխանեց. «Նախ առաջին հերթին ոչ միայն «Առինջ մոլի» առեւտրականներն են, այլ նաեւ «Փեթակ», «Սուրմալու», Մալաթիայի տոնավաճառի առեւտրականներ կան, ու դա համատարած բնույթ է կրում, այլ բան է, որ կոնկրետ «Առինջ մոլի» առեւտրականների նկատմամբ երիցս կոշտ հարկային տեռոր է իրականացվում՝ բեռնախցիկներն են ստուգվում, երբ մարդիկ պարզապես դուրս են գալիս այնտեղից, պայուսակներն են ստուգում: Բացի նրանից, որ սա նաեւ մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, բացում են պայուսակը, ասում են՝ էս ապրանքը ձեզ որտեղի՞ց, այն դեպքում, երբ նա ուրիշ տեղից է գալիս: Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, Գագիկ Ծառուկյանի շնորհիվ տեւական ժամանակ այս ալիքը ավելի զսպվել է, որովհետեւ պարոն Ծառուկյանը բանակցել է առեւտրականների հետ, հարկայինի աշխատակիցներին տարածք է տրամադրել, որպեսզի նրանք կարողանան «Առինջ մոլում» հանդիպել առեւտրականների հետ եւ այլն: Հետագայում այդ պայմանավորվածությունները եւս խախտվել են, դրա համար հիմա առեւտրականները այսպիսի կտրուկ քայլերի են դիմում՝ բողոքի ակցիաների»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս կառավարության ապաշնորհ քաղաքականության արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանում հերթեր են գոյանալու, բայց Կարեն Կարապետյանից առաջ Հովիկ Աբրահամյանն էր վարչապետ, արտագաղթի տեմպերն էլ ոչնչով չէին զիջում, նա էլ հո ԲՀԿ-ի աջակցությամբ էր դարձել վարչապետ, Ծառուկյանի սրտով էր, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Ես ձեռնպահ կմնամ գնահատականներից, թե նախորդ վարչապետը ում սրտով էր: Ես որեւէ մեկի սրտի աշխատանքին ծանոթ չեմ՝ անկեղծ ասած: Մենք ունենք մի ցուցանիշ՝ դա ժողովրդի կենսամակարդակն է, արտագաղթի տեմպերն են, մարդկանց եկամուտներն են, մարդկանց կյանքի բարեկեցիկ կամ ոչ այնքան բարեկեցիկ լինելն է: Մենք բոլորս ապրում ենք մի հասարակության մեջ, կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չի, որ վիճակը գնալով վատանում է: Տեսեք գնաճի այս սարսափելի տեմպերը, որոնք մենք ապրում ենք ու հասկանում ենք, թե ինչպիսի հետեւանքների կարող են հանգեցնել այս տեմպերը ապագայում: Եվ հանգեցնելու են, որովհետեւ մարդիկ շատ մոտ ապագայում անգամ առաջին անհրաժեշտության կենսական ապրանքները չեն կարողանալու ձեռք բերել՝ հաշվի առնելով նվազագույն աշխատավարձը եւ մնացած բոլոր գործոնները: Սա պետք է լինի գնահատման ցուցանիշը վարչապետի, որը այս դեպքում խիստ անբավարար է»:
Մենք հարցրինք՝ վարչապետի դեմ այս արշավը ԱԺ քառօրյա նիստի մեկնարկին հաջորդեց Ծառուկյանի՝ Բրյուսել կատարած այցին, մեկը մյուսի հետ կապ ունի՞, թե՞ ոչ, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես խորհուրդ չեմ տա այդ երկու գործընթացները փոխկապակցել միմյանց հետ: Մենք ընդամենը ֆիքսում ենք այն փաստը, որ կա հասարակական պայթյունավտանգ օրակարգ»:
Մենք հետաքրքրվեցինք՝ Գագիկ Ծառուկյանին ինչո՞ւ առյուծի նկար նվիրեցին Բրյուսելում: Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Դա եղել է հայ համայնքի կողմից: Որոշակի այլ մեկնաբանություններ արեցին, բայց դա եղել է հայ համայնքի կողմից: Հայ համայնքի ցանկությունն է եղել իրեն նվիրել: Իրենք ասացին՝ քանի որ առյուծը ուժի խորհրդանիշ է, եւ քանի որ դուք էլ եք ուժեղ անձնավորություն, մենք ձեզ նվիրում ենք առյուծ: Այնպես չէ, որ եվրոպացի դիվանագետների կամ քաղաքական գործիչների կողմից է այդ նվերն արվել, ինչպես փորձ էր արվում ներկայացնել»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
16.11.2017