Ա. Պողոսյանին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը նշանակել է պատիժ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի՝ 150.000 ՀՀ դրամի չափով: Գողության գործով իրեղեն ապացույց էր ճանաչվել սեւ գույնի կանացի վերնազգեստը եւ կապույտ գույնի կանացի ջինսե տաբատը:
Ամբաստանյալ ուսանողուհին վարձակալությամբ է բնակվել: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Ըստ գործի նյութերի, այս տարվա փետրվարին Ա.Պողոսյանը գտնվել է Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեում գործող «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնում գործող «Փուլ ընդ Բեար» խանութ- սրահում: Մեղադրանքի կողմի գնահատմամբ, նա «ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ», հագուստներ փորձելու պատրվակով խանութի ցուցափեղկից վերցրել է տարբեր հագուստներ, գնացել է հանդերձարան: Հանդերձարանում Պողոսյանը «փորձել է» 13.000 ՀՀ դրամ արժողության կանացի սեւ գույնի վերնազգեստն ու նույն արժողության՝ կանացի կապույտ գույնի ջինսե տաբատը: Ամբաստանյալն այդ հագուստները տեղավորել է իր «Փուլ ընդ Բեար» գրառմամբ պոլիէթիլենային տոպրակի մեջ եւ դուրս եկել խանութի սրահ: Նա անվտանգության աշխատակցի կողմից բռնվել է:
Ա. Պողոսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:
Դատական քննության ժամանակ պարզվեց, որ նա աշխատել է «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնում գործող խանութ-սրահներից մեկում: «Դարի հանցագործությունը» կատարելու օրը նա աշխատանքն ավարտելուց հետո մտել է «Փուլ ընդ Բեար» խանութ-սրահ:
Ա. Պողոսյանի ցուցմունքի համաձայն, նշյալ խանութից ընտրել է հագուստներ եւ տարել հանդերձարան փորձելու: «Հանդերձարանում սեւ գույնի զգեստը փորձելուց հետո այն դրեցի մոտս գտնվող նույն ապրանքանիշի տոպրակը, ջինսե զգեստը թողեցի հանդերձասրահի աշխատակցի մոտ, իսկ տաբատը փոխեցի համապատասխան տաբատով եւ վերադարձա հանդերձարան` փորձելու: Փորձելուց հետո ջինսե տաբատը դրեցի տոպրակի մեջ եւ դուրս եկա հանդերձարանից՝ ցանկանալով դրանք հետ դնել իրենց տեղերը, քանի որ մոտս այդքան գումար չկար: Հանդերձասրահից երեք-չորս քայլ հեռանալուց հետո ինձ կանգնեցրեց անվտանգության աշխատակիցը եւ խնդրեց ցույց տալ տոպրակի պարունակությունը: Ասացի, որ այդ հագուստները դրել եմ տոպրակը` իրենց տեղերը հետ դնելու նպատակով, սակայն անվտանգության աշխատակիցը զանգեց ոստիկանություն: «Փուլ ընդ Բեար» ապրանքանիշի տոպրակ մոտս կար, քանի որ դեպքից մի քանի օր առաջ այդ խանութից գնում եմ կատարել»,-ասել էր ամբաստանվողը:
Ի դեպ, գործի քննության ընթացքում Ա. Պողոսյանը հատուցել էր իրեն վերագրվող հափշտակության փորձով ապրանքի արժեքը: Նա խնդրել էր իրեն ճանաչել անպարտ եւ արդարացնել:
Տուժող ճանաչված ընկերության ներկայացուցիչը նշել էր, որ ամբաստանյալը նշված խանութից «փորձել է գողանալ» «Փուլ ընդ Բեար» ապրանքանիշի սեւ գույնի, 13.900 ՀՀ դրամ արժողության կանացի զգեստ եւ նույն ապրանքանիշի կանացի ջինսե տաբատ, սակայն բռնվել է անվտանգության աշխատակցի կողմից: Գողության փորձի արդյունքում ընկերությանը պատճառվել է 27.800 ՀՀ դրամի գույքային վնաս. «Ամբաստանյալի կողմից ընկերությանը պատճառված վնասն ամբողջությամբ հատուցվել է, սակայն ընկերությունը չի հաշտվում ամբաստանյալի հետ եւ ցանկանում է, որ նա ենթարկվի օրենքով նախատեսված պատասխանատվության»:
Անվտանգության աշխատակից վկան հայտնել էր, որ երբ նկատել է ամբաստանյալին, ով մտել է հանդերձարանը՝ ձեռքին նշված ապրանքանիշի հագուստներ, տեսել է որոշ ժամանակ անց հանդերձարանից դուրս գալիս՝ ձեռքին «Փուլ ընդ Բեար» գրառմամբ տոպրակը, որը հանդերձարան մտնելուց առաջ չի եղել: Ամբաստանյալի հետեւից անմիջապես մտել է հանդերձարան, հայտնաբերել է հագուստների վրայից պոկված անվտանգության երկու կոճակները: «Փորձեցի հետեւել նրան, սակայն կորցրեցի տեսադաշտից: Քիչ հետո նկատեցի, որ Ա.Պողոսյանը գալիս է դեպի հանդերձարան: Խանութ-սրահի միջնամասում նրան կանգնեցրի եւ խնդրեցի ցույց տալ ձեռքի տոպրակի պարունակությունը»,-ասել է անվտանգության աշխատակիցը: Ի դեպ, ջինսե տաբատի հետեւի աջ գոտկային հատվածում ամրացված է եղել անվտանգության կոճակ, որն «ստացել է» վնասվածք:
Վկա-անվտանգության աշխատակիցը հայտնել էր նաեւ, որ խանութ-սրահում կես ժամը մեկ, ինչպես նաեւ կասկածելի թվացող հաճախորդներից հետո ստուգում են հանդերձարանները:
Դատաապրանքագիտական փորձաքննության են ներկայացվել չինական արտադրության կապույտ գույնի կիսաբամբակե, ջինսե գործվածքից կարված տաբատը եւ Մարրոկոյի արտադրության, սեւ գույնի բամբակե գործվածքից կարված, «կրծքավանդակային հատվածում «Ը ը Թ թ Ժ ժ» գրառմամբ» վերնաշապիկը:
Ըստ դատարանի իրավական գնահատականների. «Ամբաստանյալի պատճառաբանությունը, որ գումար չունենալու պատճառով իր հավանած հագուստները ցանկացել է դնել այն վայրում, որտեղից որ վերցրել է, չի համապատասխանում իրականությանը: Ավելին, ամբաստանյալի կողմից վերցրած սեւ զգեստը եղել է կախիչով եւ այն տոպրակի մեջ հայտնաբերվել է առանց դրա, հետեւաբար, եթե Ա.Պողոսյանը նպատակ է ունեցել այն կախել նույն վայրում, ինչպես ինքն է պնդում, այլ ոչ թե դուրս բերել խանութից, ապա կախիչի բացակայության պայմաններում չէր կարող նման կերպ վարվել»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
16.11.2017