Սյունիքի մարզի Սիսիանի դատարանում, դատավոր Արսեն Սարդարյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 22-ին:
ՊՆ զորամասերից մեկի հրամանատար Վահան Ավագյանի դեմ մեղադրանքը պաշտպանում է Հայկ Իշխանյանը: Ըստ մեղադրանքի, հրամանատարը շահադիտական դրդումներից ելնելով՝ նվագախմբի նախկին երաժիշտ Կարեն Սարգսյանի խնդրանքով նրան նշանակել է գազաէլեկտրաեռակցողի պաշտոնում: Երաժիշտը 2017 թվականի հունվարի 25-ից ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում փաստացի չի ներկայացել ծառայության, եւ դրա դիմաց երեք ամսվա ընթացքում, որպես կաշառք, հրամանատարը ստացել է 150 000 ՀՀ դրամ գումար:
Մեկ այլ երաժշտի էլ՝ նվագախմբի տղաներից Նվեր Նավասարդյանին հրամանատարը նշանակել է ջոկի հրամանատարի պաշտոնում:
Ջոկի հրամանատարն էլ 2017 թվականի հունվարի 25-ից ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում փաստացի չի ներկայացել ծառայության եւ դրա դիմաց ամբաստանվող հրամանատարը երկու ամսվա ընթացքում որպես կաշառք ստացել է 40 000-ական դրամ, ընդհանուր՝ 80 000 դրամ գումար:
Ռ. Մ.
«Առավոտ»
16.11.2017