Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուր ենք լցնում ուրիշի ջրաղացի՞ն, թե՞ պարզապես ջրում ենք մերը

Նոյեմբեր 17,2017 14:00

«Հետաքրքիր է՝ մեր երկրում բուհերը օգտվում են եվրոպական կրթական համակարգից, բայց չունեն դրան համապատասխան միջոցներ։ Օրինակ, Ֆիզիկայի ֆակուլտետում սովորում ենք ծրագրավորում՝ չունենալով բավականաչափ թվով համակարգիչներ, անցնում ենք նոր առարկաներ, որոնք չունեն համապատասխան գրականություն։ Ստիպված պետք է այստեղից-այնտեղից գտնենք տվյալ նյութը։ Մինչեւ անգամ մագիստրատուրայում շարունակում ենք ուսանել առարկաներ, որոնք ոչ մի կապ չունեն մեր ընտրած մասնագիտական ուղղության հետ»,- պատմում է ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետում սովորող Սոնան։

Սոնայի նման այլ ուսանողներ եւս բողոքում են բուհական կրթական ծրագրերից ու մեթոդներից։ Կիսով չափ համաձայն, կիսով չափ՝ ոչ, ԵՊՀ դասախոս եւ հեռուստահաղորդավար Դավիթ Սարգսյանը, որը եղել է արեւմտյան որոշ բուհերում ու ծանոթ է տեղի մեթոդներին եւ ուսանողության պահանջներին, պնդում է, որ խնդիրը հնարավորություններն են: «Եթե, օրինակ, Սոֆիայի համալսարանն ունի ավելի մեծ բյուջե եւ կարող է ուսանողներին տալ ավելի շատ հնարավորություններ ու դրամաշնորհներ, այստեղ արդեն ուսանողի խնդիրը չէ»,- վստահեցնում էր նա։

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դասախոսներից մի քանիսը նշեցին, որ ճիշտ կլիներ վերադառնալ բարձրագույն կրթության խորհրդային մոդելին` շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ բարձրագույն կրթության որակը խորհրդային շրջանում ավելի բարձր էր:

Հայաստանի բուհերի ուսանողության շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզ դարձավ, որ որոշները այնքան էլ գոհ չեն համալսարաններում գործող կրթական մեթոդներից։ Իսկ որպես հիմնական պատճառ նշում են գործնական պարապմունքների եւ նեղ մասնագիտական դասընթացների ոչ բավարար չափով ժամաքանակը։ Հարցվածների մոտ 40%-ը նշում է, որ դասախոսների դասանցկացման հիմնական եղանակը չոր դասախոսություններն են, իսկ ինտերակտիվ քննարկումը զիջում է տոկոսային հարաբերությամբ։

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք ԵՊՀ-ի ուսումնական գծով պրոռեկտորի տեղակալ Արմեն Բուդաղյանի հետ։ Նա համամիտ է այն պնդման հետ, որ համալսարանում կիսամյակային առարկայացանկը բավականին խիտ է, իսկ գերակշռողը ոչ մասնագիտական առարկաներն են։ «Դրանց ուսուցումը ոչ միշտ է սպասված արդյունքին բերում, ուստի, մենք ծրագիր ենք մշակել, որպեսզի այդ ցանկը թեթեւացնենք եւ որոշ փոփոխությունների ենթարկենք»,- պարզաբանում է պարոն Բուդաղյանը։

Նրա հավաստմամբ՝ արդեն նոր նախագիծ են մշակել նաեւ դասախոսների՝ արտերկրում վերապատրաստելու նպատակով։ Ինչպես ինքն է նշում, դեռ շատ բան ունենք Արեւմուտքից սովորելու։

Իսկ Մարի-Հրաչուհի Պողոսյանը, որն, այսպես ասած, եւ՛ այստեղի, եւ՛ դրսի համալսարաններում թրծված դասախոս է, զարմացած հարցնում է՝ ինչպե՞ս է հնարավոր պարզապես բերել արտերկրի համալսարանների համար տպագրված, վերջին հրատարակության բոլոր գրքերն ու հրամցնել Հայաստանում սովորող ուսանողներին։ Դրանք, ի վերջո, ստեղծված են հենց այնտեղի ուսանողներին ու միջավայրին համապատասխան: Տիկին Մարին համոզված է, որ պետք է այդ գրքերից վերցնել այն, ինչը կարեւոր ու կիրառելի է մեզ մոտ: «Բոլոր դասախոսները միանշանակ պետք է տեղյակ լինեն, ուսումնասիրեն այդ նորությունները, նոր հրատարակության գրքերը, փորձեն հնարավորինս իրազեկել ուսանողներին ու տալ կիրառելի հմտություններ,- շարունակում էր պնդել նա,- օրինակ, Լոս Անջելեսի California State University-ում գործում է Moodle կոչվող ծրագիրը, որն այժմ կիրառում են նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Այն թույլ է տալիս ուսանողին եւ դասախոսին էլեկտրոնային տարբերակով շփվել։ Դասախոսը դրա միջոցով կարող է ներկա-բացակա անել, ցույց տալ ուսանողների ակտիվությունը, ինչպես նաեւ ստուգել հանձնարարություններն ու գնահատել»։

Ըստ տիկին Մարիի՝ թեեւ այս դեպքում տուժում է ինտերակտիվ շփումը, բայց դա որոշում են ոչ թե դասախոսները, այլ այդպես է պահանջում ժամանակը։

Համեմատելով հայկական եւ արտասահմանյան բուհերի ուսանողներին՝ տիկին Մարին, այնուամենայնիվ, համոզված նշեց, որ մեր ուսանողներն ավելի խելացի են եւ ուշադիր։
Հաշվի առնելով վիճակագրությունն ու կատարված ուսումնասիրությունները՝ կարող ենք ասել, որ Հայաստանն ունի մարդկային բացառիկ պոտենցիալ բարձրագույն կրթության ոլորտում։ Սա հստակ երեւում է, երբ նկատում ենք, թե տարեկան քանի ուսանող է գնում արտերկիր սովորելու լավագույն համալսարաններում։ Եթե դրան գումարենք նաեւ երիտասարդ մասնագետների զանգվածային արտագաղթը, կնշանակի՝ մենք պարզապես ջուր ենք լցնում ուրիշի ջրաղացին։

 

ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ԵՊՀ 3-րդ կուրսի ուսանողուհի

«Առավոտ»

16.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930