Լրահոս
Օրվա լրահոսը

Էքզյուպերիի «Մարդկանց երկիր»-ը հայերեն թարգմանությամբ ընթերցողի սեղանին է

Նոյեմբեր 17,2017 13:30

Նոյեմբերի 18-ին «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում տեղի կունենա ֆրանսիացի հանրահայտ գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյանը: Էքզյուպերիի այս ինքնատիպ ստեղծագործությունը բնօրինակից՝ ֆրանսերենից երբեւէ հայերեն չի թարգմանվել:

«Առաջին հայացքից Էքզյուպերիի երկերը թվում են շատ պարզ, բայց այդ պարզությունը խաբուսիկ է: Հեղինակը խուսափում է խճողված նկարագրություններից, զարդարանքներից, բայց միեւնույն ժամանակ երկը լի է ինքնատիպ համեմատություններով, փոխաբերություններով: Էքզյուպերին աշխատում է ռիթմի վրա, շարահյուսությունը դասական չէ, շատ են շաղկապով սկսվող նախադասությունները, կրկնությունները, որոնք, բնականաբար, պետք է պահպանել, բայց այնպես, որ տեքստը լիարժեք շնչի հայոց լեզվի ներդաշնակություններում»,-գրքի թարգմանական առանձնահատկությունների մասին նշում է Շուշանիկ Թամրազյանը:

Թարգմանչի խոսքով՝ «Մարդկանց երկիր»-ը միաժամանակ նուրբ եւ խորը գործ է:

«Բոլոր խորհրդածությունների, ընդհանրացումների հիմքում անձնական փորձն է, եւ դա մեծ ճշմարտություն է հաղորդում երկին: Սա, իսկապես, խորհրդածություն է մարդու ճակատագրի, երկրի վրա ունեցած նրա առաքելության մասին: Էքզյուպերին մի շարք կարեւոր գաղափարներ է առաջ քաշում, որոնք այսօր էլ հնացած չեն: Մարդը չի ծնվել նյութական բարիքներ կուտակելու համար: Մարդու ճշմարտությունը անվերջանալի մի ինքնահաղթահարման ճանապարհին է բացահայտվում, եւ այն կարող է տարբեր լինել յուրաքանչյուրի համար: Հարմարավետ, նյութապաշտ կյանքը, որին ակամա կարող է հանգել անհատի կյանքը ժամանակակից, քաղաքակիրթ աշխարհում, կարող է վերածվել իսկական զնդանի: Մարդիկ պատրաստ են հասնել Սահարայի անապատ՝ այնտեղ իրենց թափառիկ հոգին որոնելու… Կարելի է շարունակել: Բայց ի՞նչն է, ըստ իս, հետաքրքրական. երբ հիշում ես, թե դրան ինչ մռայլ տարիներ էին հետեւելու, թե որքան ծանր հարված էր լինելու Էքզյուպերիի համար Ֆրանսիայի օկուպացիան, Վիշիի կառավարությունը եւ վերջապես՝ սեփական «աքսորը» Միացյալ Նահանգներում, այս երկը թվում է անվերջանալի մի մենախոսություն անապատում, որ ձգտում է ամեն գնով փրկել, հորինել գեղեցիկը, հավատը լուսավորի, մարդկայինի նկատմամբ: Համենայնդեպս, այդպիսին է իմ ընկալումը: Որքան էլ որ մեծ լիներ աստիճանաբար կյանքից հեռացող ընկերների, սիրած գործի պարգեւած խանդավառությունը, Էքզյուպերին կույր չէր, եւ տեսնում էր, որ արժեքները, որոնց հավատում է, ավելի ու ավելի վտանգված են: Օղակը սեղմվում էր, մինչեւ նա հայտնվեր մանկության Փոքրիկ Իշխանի մոլորակում: Նրա համընդգրկուն, անանձնական լավատեսության մեջ ես մի տեսակ ողբերգական բան եմ տեսնում»,-մեզ հետ զրույցում նշում է թարգմանիչը:

Շուշանիկ Թամրազյանի համոզմամբ՝ հայ ընթերցողը, կարդալով այս ստեղծագործությունը, կբացահայտի, որ Էքզյուպերիի մտքերից շատերն անհրաժեշտ ինքնահաղթահարման, հարմարվողականության զնդանի, քաղքենիների եւ բյուրոկրատների բանտված կյանքի մասին զարմանալի արդիական հնչեղություն ունեն: Բայց նաեւ, որ աշխարհը շատ է փոխվել անցյալ դարի 30-40 թվականներից ի վեր: Եվ այսօր ավելի դժվար է նույն անդավաճան, լավատեսական վստահությամբ խոսել մարդկանց երկրի մասին:

Նշենք, որ Շուշանիկ Թամրազյանը թարգմանում է Էքզյուպերիի մյուս՝ «Գիշերային թռիչքը», «Ռազմական օդաչուն», «Նամակ պատանդին», «Ցիտադել» գրքերը, որոնք հաջորդաբար լույս կտեսնեն ու կդրվեն հայ ընթերցողի սեղանին: Թարգմանիչն Էքզյուպերիի գործերից ամենաշատը սիրում է «Ռազմական օդաչուն» եւ, իհարկե, «Փոքրիկ Իշխանը»:

«Ցնցող հատվածներ կան նաեւ «Գիշերային թռիչքի» մեջ՝ մինչեւ վերջին վայրկյանը մահը, անէությունը ժխտող օդաչուի մասին, որ մոլորվել է ամպերի եւ աստղերի մեջ: Հզոր, անպաճույճ պատկերներով Էքզյուպերին նկարագրում է այն, ինչը ճակատագիրը պատրաստել էր հենց իր համար: Իսկ առհասարակ Էքզյուպերիի բոլոր գործերում կա մի բան, որ ինձ հուզում է. անձնական ապրումի անվրեպ խորությունը, ամեն ինչ ճշմարիտ է, որովհետեւ մինչեւ վերջ ապրված է»,-հավելում է նա:

 

ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

16.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930