Կլիմաքսը բնորոշվում է սեռական ֆունկցիայի բնական աստիճանական իջեցմամբ, որը հատուկ է եւ կանանց, եւ տղամարդկանց: Այն հանգեցնում է օրգանիզմի այս կամ այն ֆունկցիայի խանգարման: Հաճախ խանգարվում է սրտանոթային համակարգի գործունեությունը. կարող են նկատվել սրտխփոց, սրտի շրջանի ցավեր, գլխապտույտ, արյան ճնշման բարձրացում: Երբեմն հիշողությունը թուլանում է, աշխատունակությունը` նվազում: Դաշտանադադարային երեւույթներ կարող են լինել նաեւ երիտասարդ տարիքում որոշ հիվանդությունների (անգինա, գրիպ, նշագեղձերի քրոնիկական բորբոքում, հայմորիտ եւ այլն) հետեւանքով: Արդյունքում խանգարվում է մակուղեղի եւ սեռական համակարգի ֆունկցիան կարգավորող նյարդահորմոնների արտադրությունը: Հորմոնային հավասարակշռության վերականգնումը հնարավոր է ժամանակին սկսած բուժմամբ:
Կլիմաքսի ժամանակ առաջացած խնդիրների դեպքում կարող եք 1 ճաշի գդալ հովվապարկի խոտը թրմել 2 ժամ 1 բաժակ եռման ջրով, քամել: Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 4 անգամ՝ 30 րոպե ուտելուց առաջ:
Կարելի է նաեւ 1 ճաշի գդալ եղեսպակի տերեւներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 20 րոպե, սառեցնել, քամել: Ընդունել 1/3 բաժակից օրը 3 անգամ՝ ուտելուց 1 ժամ հետո:
Հայտնի է, որ կլիմաքսի ժամանակ առաջացած այս կամ այն խանգարման աստիճանը կախված է օրգանիզմի վիճակից: Անկայուն նյարդային համակարգ ունեցող, որեւէ հիվանդությամբ տառապող եւ նստակյաց կյանք վարող մարդկանց օրգանիզմում այդ շրջանում կարող են առաջանալ բարդություններ, որպես կանոն` սրվում են եղած հիվանդությունները, եւ առաջանում նորերը: Կլիմաքսի շրջանում հաճախ խանգարվում է վահանաձեւ գեղձի ֆունկցիան, առաջանում են հիպերտոնիկ հիվանդություն, շաքարախտ: Հաճախ զարգանում են նաեւ նյարդահոգեկան խանգարումներ, մեծ մասամբ դրսեւորվում են չափից ավելի դյուրագրգռությամբ եւ ռեակտիվությամբ (դառնում են դյուրագրգիռ, լացկան, վատ են քնում, լինում են հանկարծակի արթնացումներ եւ արթնանալիս զգում են հոգնածություն): Երբեմն նկատվում են հուզական խանգարումներ, վատ տրամադրության ֆոնի վրա առաջանում է անառիթ ուրախություն, որին կարող է վերստին հաջորդել տագնապի, վախի զգացումը, ի հայտ է գալիս մելամաղձություն, որն ուղեկցվում է իր առողջության հանդեպ չափից ավելի կասկածամտությամբ, վախ՝ անբուժելի հիվանդության հանդեպ: Սրվում են նեւրոզները, պսիխոպաթիաները, նկատվում են, այսպես կոչված, ծերունական պսիխոզներ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
16.11.2017