Ռուզաննա Մկրտչյանի նկատմամբ նշանակված դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն:
Նրա պաշտպան Նաիրա Պետրոսյանն Aravot.am-ին ասաց, որ առաջիկայում դեռ պատրաստ չի լինի: Մեր հարցին՝ մտահոգություն չունի՞, որ արդյունքներն ուշանում են, պաշտպանն ասաց, որ կհրապարակեն, երբ պատրաստ լինեն:
Պաշտպանի խոսքով, ինքն այցելել է Ռուզաննա Մկրտչյանին, բայց նրա վերաբերյալ որեւէ տեղեկություն այս պահին չի կարող տրամադրել:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ի տարբերություն փաստաբան Նաիրա Պետրոսյանի՝ մտահոգված է փորձաքննության արդյունքների ուշացմամբ. «Երկու ամսում հաստատ կարելի էր հրապարակել, թե ինչ արդյունքներ են ստացվել»:
Իրավապաշտպանի խոսքով, երբ ինքն այցելել էր Ռուզաննա Մկրտչյանին, վերջինս հարաբերական հանգիստ էր. «Նյարդային էր, բայց կարողանում էր մտքերը հանգիստ ձեւակերպել: Իմ աչքի տեսածով՝ նրա մոտ շատ խորը հոգեկան խնդիրներ չէին երեւում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ