Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017թ. մրցանակակրին

Նոյեմբեր 16,2017 20:15

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակին արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելին:

Ողջունելով անվանի գիտնականին մեր երկրում՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրումների համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակն արտահայտում է հայ ժողովրդի հավաքական հիացմունքն ու երախտագիտությունն այն մարդկանց նկատմամբ, ովքեր առաջ են տանում քաղաքակրթությունը՝ դառնալով ժամանակի խորհրդանիշներ:

«Մենք նաև դրանով փորձում ենք մեր երիտասարդների ուշադրությունը հրավիրել հաջողված փորձերի և հաջողակ մարդկանց վրա՝ բոլոր միջոցներով բացատրելով, որ ամենամեծ հարստությունը մարդն է՝ իր թերություններով, իր խնդիրներով, բայց նաև իր տաղանդով: Այս ոլորտի վրա ուշադրությունը, կարծում եմ, տալիս է արդյունքներ: Մեր երիտասարդները մեծ հետաքրքրություն ունեն ոլորտի նկատմամբ, և շատ ուրախալի է, որ այդպիսի հետաքրքրություն ունեն նաև դպրոցականները»,- ասել է Հանրապետության Նախագահը:

Թոնի Ֆադելը շնորհակալություն է հայտնել Նախագահին հյուրընկալության համար և նշել, որ արդեն հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ և տեղյակ է Հայաստանում ՏՏ ոլորտում, հատկապես՝ էլեկտրոնային կառավարման համակարգում իրականացվող նորամուծությունների մասին:

«Դուք պետք է բացեք ձեր երկիրը արտաքին աշխարհի համար, պետք է պատմեք, թե ինչ դրական զարգացումներ կան ձեզ մոտ: Մենք հիմա շատ հետաքրքիր ժամանակներում ենք ապրում: Ձեր կրթական համակարգում շատ լավ դիրքավորված է ֆիզիկայի, մաթեմատիկայի և այս ոլորտի այլ առարկաների դասավանդումը, և սա ձեզ հնարավորություն է տալիս տվյալների հետ աշխատանքում, տվյալների ինժեներիայում մեծ հաջողությունների հասնել: Եթե այն ամենը, ինչ վերջին 12 ժամերի ընթացքում ես լսում եմ ձեր երկրում, ճիշտ է՝ ես արդեն սկսել եմ մտածել, որ այն ստարտափները, որոնք ես եմ հիմնել, այստեղ բերելով և այստեղի աշխատուժի հետ աշխատելով՝ նոր հնարավորություններ կարող են ունենալ»,- ասել է Թոնի Ֆադելը և ընդգծել, որ կցանկանար կրկին վերադառնալ Հայաստան ու Հանրապետության Նախագահից հետաքրքրվել է, թե ինչով կարող է օգտակար լինել Հայաստանին:

Հանդիպումից հետո Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած անձանց նվիրված հատուկ ծրարի մարման արարողությունը: Ծրարի վրա պատկերված է 2017 թվականին ՏՏ ոլորտում Նախագահի մրցանակին արժանացած 8-րդ դափնեկիրը՝ «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար Թոնի Ֆադելը, ինչպես նաև նախորդ տարիների յոթ մրցանակակիրները:

Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որին փակցված է 2013 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ» թեմային նվիրված 2 նամականիշ: Այն մարվելու է հատուկ դրոշմակնիքով:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակի հանձնման առիթով՝ ի պատիվ Թոնի Ֆադելի, Նախագահի նստավայրում երեկոյան կկազմակերպվի նաև ընդունելություն:

***
Լրացուցիչ տեղեկություններ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի վերաբերյալ

Թոնի Ֆադելը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի ութերորդ դափնեկիրն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը, երկրորդը՝ 2011թ. «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, երրորդը՝ 2012թ. «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, չորրորդը՝ Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, հինգերորդը՝ «Սիսկո» (Cisco) ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, վեցերորդը՝ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, յոթերորդը՝ ֆրանսիացի աշխարհահռչակ գիտնական, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսել ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:

Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930