Այսօր Կառավարության հավանությանն արժանացած «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը իրավապաշտպանների սպասելիքները չարդարացրեց: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
«Այս փաթեթը իր վերտառությամբ փաստում է, որ սա այն չէր, ինչ մենք պահանջում էինք՝ անհատի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում: Ստացվում է՝ ընտանիքի ինստիտուտն ավելի է կարեւորվում, քան թե անհատի իրավունքները»,- Aravot.am-ին ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նախագիծն ի սկզբանե ուներ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» անվանումը, այժմ այն վերանվանվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծ:
Ըստ Զարուհի Հովհաննիսյանի. «Վերնագիրն ամբողջովին փոխվել է ու կոնցեպտուալ է փոխվել: Այս նոր վերնագիրը իրավական ձեւակերպում չունի, իրավական կատեգորիա չէ, պարզ չէ, թե ինչ գործիքներով են համերաշխությունը վերականգնելու, ովքեր են վերականգնելու, պարզ չէ՝ ոստիկաննե՞րն են գնալու խաղաղություն վերականգնելու: Իրավապաշտպանների կոալիցիան ուսումնասիրում է, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել»:
Զարուհի Հովհաննիսյանը նկատեց, որ օրինագծում տեղ չեն գտել այն փորձագետների դիտարկումներն ու առաջարկները, որոնք տարիներ շարունակ զբաղվել են ընտանեկան բռնության դեպքերով. «Չեն լսել մասնագետներին… այն փոփոխությունները, որոնք ընդունել են, մենք հետընթաց ու խեղաթյուրում ենք համարում»:
«Ընտանեկան բռնության դեմ պայքարող օրենքն անվանել ընտանեկան համերաշխության վերականգնման մասին օրենք աննախադեպ բան է աշխարհում: Տեղյակ չեմ, որ որեւէ երկիր, որը փորձում է ընտանեկան բռնությունից պաշտպանել, ընդուներ մի օրենք, որը կոչվում է նաեւ ընտանեկան համերաշխության վերականգնման մասին օրենք: Սա այն զիջումն է, որին արդարադատության նախարարությունը գնացել է, որ մեղմի այն խմբի քննադատությունը, որը հանդես էր գալիս ցնդաբանությամբ: Նրանց մեկնաբանությունները օրենքի նպատակների ու օրենքի նախագծի վերաբերյալ ցնդաբանության ժանրից էին… հիմա փորձում են այսպիսի վերնագրով անցկացնել օրենքի մի նախագիծ, որը պարզապես շեղվում է ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության կոնցեպտից»,- վերանվանված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» աղմկահարույց օրենքի նախագծի մասին այս կարծիքին է «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանը:
Արման Ղարիբյանը չի կարծում, որ օրենքի նախագծում տեղի են ունեցել էական փոփոխություններ, ըստ նրա՝ ավելի շատ կոսմետիկ փոփոխություններ են, բայց, ըստ նրա, մի մտահոգիչ բայց կա. «Մի բան է ցավալի ինձ համար, որ արդարադատության նախարարությունը պետք է հաշվի նստեր այն անհատների ու կազմակերպությունների կարծիքների հետ, որոնք ոլորտի մասնագետներ են եւ գիտեն, թե իսկապես ինչպիսի օրենք է մեզ պետք, որ կարողանանք կանխարգելել ընտանեկան բռնության դեպքերը: Այնինչ տեղի է տրվել այն խմբի մեկնաբանություններին, որոնք դեմ էին այդպիսի օրենք ունենալուն, իրենց քննադատությունն էլ կառուցողական չէր: Տպավորություն ունեմ, որ օրենքի նախագծի քննադատողները գուցե եւ ճիշտ էին, որ ասում էին՝ ՀՀ իշխանությունները փորձում են ամեն կերպ ընդունել այս օրենքը, որովհետեւ որոշակի ճնշում կա իրենց նկատմամբ, քանի որ այսպիսի վերնագրով օրենք ընդունելը, կարծես թե, ինքնանպատակ է դառնում, ուղղակի ընդունենք՝ ընդունելու համար: Հուսով եմ, որ անկախ նրանից, թե ինչ անունով կընդունվի օրենքը, հետագայում իշխանությունների կողմից այն իսկապես իրագործելու ցանկություն կդրսեւորվի, ոչ թե օրենք կընդունեն հերթական պտիչկա ստանալու համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ