Լրահոս
Օրվա լրահոսը

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագիրը՝ փակուղում․ պատճառը ԼՂ խնդիրն է. «Ազատություն»

Նոյեմբեր 16,2017 18:40

Հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը կրկին հայտնվել է փակուղում՝ ղարաբաղյան խնդրի պատճառով: Մինչ այս պահը պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ, այն դեպքում, երբ փաստաթղթի մնացյալ տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է, Բրյուսելից հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը:

«Երեկ Եվրամիության անդամ բոլոր 28 երկրների դեսպանները համաձայնության են եկել հռչակագրի շուրջ՝ բացի մեկ պարբերությունից, որը վերաբերում է տարածաշրջանային հակամարտություններին: Եվրամիության անդամ երկրները բաց են թողել այս մասը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն ուզում են տեքստում Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներ մտցնել, որոնք ակնհայտորեն հակասում են միմյանց: Ըստ էության, հռչակագիրը պատրաստ է, և միայն Հայաստանն ու Ադրբեջանն են դեռ պայքարում Ղարաբաղին վերաբերող ձևակերպումների շուրջ»,- ասում է Յոզվյակը:

Ըստ «Ազատության» թղթակցի, Բրյուսելում այժմ բավական մտահոգված են: Երկու տարի առաջ, կրկին ղարաբաղյան խնդրի շուրջ տարաձայնությունների պատճառով, հռչակագրի ընդունումը հայտնվել էր տապալման վտանգի տակ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, չկարողանալով առաջ տանել Բաքվի նախընտրած ձևակերպումները, հրաժարվել էր գագաթնաժողովին մասնակցելուց, արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էլ ժամեր շարունակ չէր ստորագրում հռչակագիրը և անգամ լքել էր նիստերի դահլիճը՝ Եվրամիության առաջնորդներին թողնելով անորոշության մեջ:

«Եվրամիությունը լուրջ մտավախություն ունի, քանի որ այստեղ լավ են հիշում 2015-ի գագաթնաժողովը, որտեղ այս հարցի շուրջ վեճը շարունակվեց հանդիպման սկզբից մինչև վերջ: Ալիևն անգամ հրահանգել էր չստորագրել վերջնական հռչակագիրը, ինչի արդյունքում փաստաթղթի ընդունումը մի քանի ժամ ուշացավ: Այս հարցը կարող է կրկին դրամայի վերածվել, Սարգսյանն ու Ալիևը, միգուցե հրաժարվեն ստորագրել փաստաթուղթը՝ ղարաբաղյան խնդրի շուրջ ձևակերպումների կամ դրանց բացակայության պատճառով», – հաղորդում է «Ազատության» Բրյուսելի թղթակիցը:

Եվրոպացի դիվանագետները անանուն մնալու պայմանով «Ազատությանը» փոխանցել են՝ այս անգամ, իրադարձությունների նման սցենարից խուսափելու համար, Բրյուսելը որոշել էր անվանական չառանձնացնել առկա հակամարտություններն ու սահմանափակվել ընդհանուր ձևակերպմամբ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930