Ինչպես Aravot.am-ին ահազանգել էին Գյումրու նորակառույց «Մուշ 2» թաղամասի բնակիչները զինվորական համազգեստով երկու ռուս տղամարդիկ՝ գունավոր մի լուսանկարը ձեռքերին, փնտրում են զինծառայողի։ ՀՀ ոստիկանությունը, սակայն, այս մասին որևէ տեղեկություն չուներ, մեր իրավապահներին տեղյակ չեն պահել որևէ զինծառայողի անհետացման մասին։ Մեր հրապարակմանը հաջորդեց ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության պետ, գնդապետ Վադիմ Աստաֆևի հերքումը, որը Sputnik Արմենիային ասել էր․«Բոլոր զինծառայողները տեղում են։ Անօրինական բացակայողներ չկան»:
Չնայած վերջինիս հերքմանը, պարզվում է, որ լուսանկարում պատկերված երկու պայմանագրային զինծառայողները 3 օր շարունակ որոնվում են։ Որոնողական աշխատանքները տարվում են Գյումրու կենտրոնում, քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում, ռեստորաններում, գիշերային ակումբներում։ Այս մասին մեր զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որի ձեռքն էր ընկել զինծառայողների լուսանկարը։ Լուսանկարը, ըստ նրա, թողել են Գյումրու սպասարկման օբյեկտներից մեկում, որպեսզի տեսնելուն ու ճանաչելուն պես արձագանքեն, զանգահարեն 102-րդ ռազմաբազայի հրամանատարություն։
Թե ինչո՞ւ է ռուսական 102-րդ ռազմաբազայի ղեկավարությունը հայ իրավապահներից թաքցնում այս տեղեկությունը, երբ ողջ քաղաքն ակամա դարձել է որոնողական աշխատանքների ականատեսը, քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է․ «Ինձ համար բացարձակ զարմանալի չէ, որ հայ իրավապահները տեղյակ չեն ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ կապված որևիցե արտակարգ միջադեպի։ Ռուսական կողմը հերթական անգամ ցույց տվեց իր արհամարհանքը հայ իրավապահների նկատմամբ։ Եվ Պերմյակովի ժամանակ է եղել այսպես, երբ որ զինծառայող Պերմյակովը, 7-8 ժամ դեգերելով քաղաքում, մտել էր Ավետիսյանների տուն և 7 հոգուն էլ սպանել էր, միայն առավոտյան 8․30-9-ին էին տեղյակ պահել հայ իրավապահներին։ Վերջինը կապված էր հոկտեմբերի 23-ին Ալագյազ զորավարժարանում արտակարգ դեպքի հետ, երբ երկու զինծառայողներ էին մահացել, հայ իրավապահները բոլոր հայաստանյան ԶԼՄ-ներին ասել էին, որ իրենք տեղյակ չեն։ Իմ հրապարակումից ժամեր անց նոր ռուսական «Ռիա նովոստին» պաշտոնապես հայտարարեց, որ այո, երկու զինծառայող Ալագյազում դժբախտ պատահարի պատճառով մահացել են։ Սա արդեն երրորդ դեպքն է»։
Ըստ քաղաքագետի, սա արդեն երրորդ օրն է, որ 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողները շրջում են քաղաքում ու փնտրում լուսանկարում պատկերված անձանց։ «Փնտրում են՝ և ոչ միայն ձեր նշած Մուշ թաղամասում, այլ ռեստորաններում, զվարճանքի վայրերում, գիշերային ակումբներում, ցույց են տալիս այդ երկու զինծառայողի նկարներն աշխատակիցներին, այցելուներին, և խնդրում են տեսնելուն պես, անպայման, տեղյակ պահեն իրենց։ Շրջում են նաև քաղաքի կենտրոնում, իմ ուսանողներն էլ ասացին, որ իրենց էլ են մոտեցել քաղաքի կենտրոնում՝ Ռիժկովի ճեմափողոցում, Սայաթ-Նովա պողոտայում։ Այս երկու զինծառայողների լուսանկարներով մոտենում են քաղաքի բնակիչներին ու հարցնում՝ տեսե՞լ են այս երկու զինծառայողներին։ Այն, որ հայ իրավապահները հերթական հիմար վիճակում հայտնվեցին, ակնհայտ է, շատ տարօրինակ է, որ ռուս զինծառայողները իրենց կորած պայմանագրային զինծառայողների նկարները ձեռքերին պտտվում են քաղաքում, և Գյումրին, որը լեփ-լեցուն է ոստիկաններով, ոստիկաններից և ոչ մեկը տեղյակ չեն պահել իրենց բաժանմունքներում, որ այսպիսի դեպքեր կան քաղաքում, որ ռուս զինծառայողները մոտենում, հարցնում են բնակիչներին»։
Մենք Գագիկ Համբարյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է թաքցնելու նպատակը, երբ նախորդ դեպքերում մամուլի հրապարակումներից հետո ռազմաբազան հայտարարություն էր տարածում՝ հաստատելով կատարվածը։
«Հետևելով իրենց աշխատաոճին՝ կասեմ, որ իրենք փորձում են առաջին ժամերին ինքնուրույն, իրենց ուժերով այդ հարցը լուծել և չբարձրաձայնել, հիմա, երբ որ տեսել են արտակարգ իրավիճակ չի եղել այդ երկու զինծառայողների անհետացմամբ, փորձում են ծածկադմբոց անել։
Օրինակ՝ Պերմյակովի փախուստի մասին ե՞րբ իմացանք, երբ որ արդեն հանցագործությունը տեղի էր ունեցել, երբ որ Ավետիսյանների բարեկամը դուռ բացել է ու դիակները տեսել էր։ Դրանից հետո նոր պաշտոնապես հայտարարվեց, որ ժամը 8-9-ին ոստիկանությանը ռուսական կողմը հայտնել է; Դեմագոգիա է, սարքում են, որպեսզի չխայտառակվեն, հիմա որ կորել են ու արտակարգ իրավիճակ չի եղել, փորձում են ծածկադմբոց անել, թե ամեն ինչ լավ է։ Սա հայաստանյան իրավապահ համակարգի նկատմամբ արհամարհանք է ու բացահայտ քամահրական վերաբերմունք, միգուցե կոպիտ է ստացվում, բայց պիտի ասեմ՝ թքած են ունեցել մեր իրավապահ համակարգի վրա։ Եթե իրենք տարրական հարգալից վերաբերվեին մեր իրավապահներին, ապա րոպեներ անց պիտի տեղյակ լինեին մեր իրավապահները, որպեսզի այսօր էլ նման հիմար վիճակում չհայտնվեին․ ամբողջ քաղաքը գիտի, որ ռուս զինծառայողները կորել են, մեր իրավապահները՝ ոչ։ Նույն իրավիճակում հայտնվեցին Ալագյազում զորավարժությունների ժամանակ երկու զինծառայողների զոհվելու ժամանակ»։
Պարզվում է, մեկ շաբաթից ավելի է ծառայության չեն ներկայացել երկու պայմանագրային զինծառայողներ: Կրստեր սերժանտ Դմիտրի Օրգանիկով Վլադիմիրովիչը՝ ծնված 11.03.1996 թվականին՝ 180 սմ հասակով, 65 կգ, նիհարավուն կազմվածքով, սև մազերով, հագին եղել է սև մարզական հագուստ:
Ճշտված են նաև որոնվող զինծառայողների անուն-ազգանունները, նրանցից մեկը 1998 թվականին ծնված շարքային Ալեքսանդր Երմյակով Ալեքսանդրովիչն է, մյուսը՝ 1996 թվականին ծնված կրստեր սերժանտ Դմիտրի Օրգանիկով Վլադիմիրովիչն է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ