Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ ԱՄՆ-ը միշտ ակտիվ համանախագահ է եղել Արցախի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում և այդպես էլ կշարունակի: Նման կերպ Սեկուտան արձագանքել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ը կարող է դադարեցնել համանախագահությունը, որի արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը կփոխվի:
«Կան որոշակի շահարկումներ, և ես չեմ ցանկանում դրանք մեկնաբանել: ԱՄՆ-ը նախկինում էլ եղել է ակտիվ համանախագահ, այսօր էլ այդպիսին է, և հետագայում էլ կլինի այդպիսին»,- ասել է դեսպանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նշանակել է նոր համանախագահ, որը կառաջարկի նոր մոտեցում հակամարտության կարգավորման գործում:
«Մենք հետագայում էլ ակտիվ կլինենք: Մեր համանախագահը բանակցությունների մասնակից է: Մենք այդ հարցը պահում ենք ուշադրության կենտրոնում»,- ասել է դեսպանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ