ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) նոյեմբերի 14-ին և 16-ին առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ տարածած հաղորդագրության մեջ:
Արտգործնախարարների հետ համանախագահները քննարկել են հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների իրականացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Ժնևում համանախագահների կողմից բարձրացված այլ հարցեր:
Հանդիպումների ընթացքում համանախագահները և նախարարները քննարկել են բանակցությունների սեղանին այս պահին գտնվող մի շարք առաջարկներ: Նախարարները համաձայնել են համատեղ հանդիպում անցկացնել 2017թ. դեկտեմբերին Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ հանդիպմանը կքննարկվեն քաղաքական կարգավորման էական հարցեր, ինչպես նաև շփման գծում լարվածությունը թուլացնելուն ուղղված հատուկ միջոցներ: Հատուկ ուշադրություն կդարձվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցին, նշվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ