«Կարող եմ ասել, որ համագործակցության հարթակում բուհն ու աշխատաշուկան դեռևս դիսկուրսի մեջ չեն»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն այսպիսի խնդիր բարձրացրեց Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ, կրթության փորձագետ Միշա Թադևոսյանը: Նա նկատեց, թե խնդիրը բուհում տրվող գիտելիքների՝ հնացած լինելն է. «Դասախոսներն ուսանողներին տրամադրում են գիտելիքներ, որոնք աշխատաշուկայում պահանջված չեն»:
Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամ Մարիամ Եվդոկիմովայի վստահեցմամբ՝ բուհում բավարար չափով տեսական գիտելիքներ ստանում են, սակայն գործնական գիտելիքները այնքան էլ միասնական ու կազմակերպված չեն, որպեսզի բավարարվեն այն պահանջները, որոնք աշխատաշուկան է դնում: Նա բարձրացրեց նաև մեկ այլ խնդիր. «Աշխատաշուկայի և բուհի պահանջները չեն համապատասխանում միմյանց, այդ պատճառով էլ ոչ բոլոր ուսանողներն են պատրաստ բուհն ավարտելուց միանգամից հետո անցնել աշխատանքի»:
ՀՊՄՀ-ի հոգեբանության ամբիոնի դասախոս Նաիրա Հարությունյանը նշեց, որ գոյություն ունի տեսական և պրակտիկ գիտելիքների միջև մեծ անդունդ. «Ուսանողը հիմա ավելի պահանջկոտ է և գիտի՝ իրեն ինչ է պետք: Այդ պատճառով էլ փոփոխություններ են կատարվում, և կրթությունը հիմնվում է ոչ միայն տեսական գիտելիքի վրա, այլև գիտելիքը կոմպետենտության վերածելու»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման բաժնի պետ Հասմիկ Թադևոսյանը փաստեց, որ ամենամեծ դժվարությունն է այն, որ տարիներ շարունակ անձը սովորելով՝ հետագայում իրեն չի գտնում աշխատաշուկայում, քանի որ ժամանակին մասնագիտություն ընտրելիս առաջնորդվել է ծնողների կարծիքով, մոդայիկ մասնագիտություն ընտրելով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի ղեկավար Հայկուհի Գևորգյանը փաստեց, որ բավականին լուրջ խնդիր ունենք երիտասարդների գործազրկության առումով, այնուհետև հավելեց. «Ունենք 43 տոկոս տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդներ: Սա ավելի վատ ցուցանիշ է, քան գործազրկության ցուցանիշը: Նա տեղեկացրեց, որ մշակվել են մեթոդներ և մոդելներ: Հանրակրթության ոլորտում ներդրվել է մասնագիտական կողմնորոշման ծառայությունը. յուրաքանչյուր աշակերտ կունենա իր պորտֆոլյոն՝ սկսած իր նպատակներից և մասնագիտությունների նկարագրությունից:
ԿԳՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգման և վերահսկողության բաժնի պետ Սասուն Մելիքյանը նշեց, որ այս խնդիրները գերակայություն են ԿԳՆ-ի համար: Այնուհետև տեղեկացրեց, թե ինչ լուծման ճանապարհներ են մշակվել. «Առաջին հերթին նշեմ, որ գործատուների մասնակցությունը կրթական գործընթացին շատ ենք կարևորում: Հիմա չափորոշիչների նոր սերունդ ենք սկսում, որտեղ կարևորում ենք գործատուների մասնակցությունը: Ամփոփիչ ատեստավորման քննություններում հանձնաժողովի մի մասը կազմում են գործատուները: Այս երկու մասերում մենք նրանց հետ կապն ապահովում ենք»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի