ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը ԱԺ նիստում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց. «Նպատակն է հնարավորություն տալ երիտասարդներին վերադառնալ հայրենիք: Մյուս կողմից՝ այս օրենքով նպաստում ես որոշակի ձեւով դասալքությանը: Մեր շատ հայրենակիցներ, շատ պարտաճանաչ ծնողներ, որոնք սոցիալական խնդիրների պատճառով հայտնվել են Սփյուռքում, իրենց երեխաների 18 տարին լրանալուց հետո ուղարկել են, այստեղ ծառայել են, նորից հետ են գնացել: Այնպես չի, որ միայն սոցիալական խնդիրն է եղել: Ես ինձ մտերիմներ գիտեմ, ում ծնողները արտերկրում են, գնացել են, իրենց պարտքը կատարել են հայրենիքի հանդեպ: Մենք բանակի հանդեպ քարոզչության խնդիր ունենք: Իմ կարծիքով, հայ ընտանիքը պետք է հպարտանա՝ իր տղային ուղարկելով հայոց բանակ: Այստեղ մենք խնդիր ունենք: Քարոզչական խնդիր ունենք: Այո, բանակում լինում են դժվարություններ, պատահարներ, բայց մենք, լինելով պատերազմող երկիր, իրավունք չունենք խրախուսել դասալքությունը: Մյուս կողմից էլ պետք է նպաստենք, որ վերադառնան»:
Ռոմիկ Մանուկյանն ասաց, որ գումարի չափը մեծացնելով՝ չեն պատժում, այլ խստացնում են, որ բանակից խուսափողները հասկանան: Ըստ պատգամավորի, վերջին լրամշակված տարբերակում ամրագրված ամեն բաց թողած զորակոչի համար 200 հազար դրամը ճիշտ չափ է, ստացվում է 3.6 մլն՝ բոլոր զորակոչերը միասին:
Հիշեցնենք, որ ՊՆ-ն առաջարկում էր ամեն զորակոչի համար սահմանել 500 հազար դրամ վճար, այսինքն՝ 9 մլն դրամ բոլոր զորակոչերը միասին: Այդ առաջարկը պատգամավորները չէին ընդունել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ