Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին կմեկնի Ադրբեջան, իսկ հաջորդ օրը կլինի Երևանում:
Զախարովան նշել է, որ Բաքվում Լավրովը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Իր խոսքում Զախարովան հիշեցրել է, որ այս տարի լրանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, և Ադրբեջանն իրենց համար կարևոր ռազմավարական գործընկեր է Կովկասյան տարածաշրջանում:
Անդրադառնալով Արցախի հակամարտության կարգավորման հարցին՝ Զախարովան նշել է, որ այդ հարցը Ռուսաստանի համար առաջնային է, քանի որ Հայաստանը և Ադրբեջանն իրենց համար ոչ միայն հարևան երկրներ են, այլ այնտեղի ժողովուրդների հետ միևնույն կյանքն ու ճակատագիրն են կիսել տասնամյակներ ու հարյուրամյակներ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ