ԱԺ նիստում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն է, որը լուրջ մտահոգություններ էր առաջացրել հանրության շրջանում:
Չնայած օրենքի հեղինակները պատգամավորներ են, բայց ՊՆ-ի առաջարկով նախագծում նշվում էր, որ վերջին անգամ պետք է թույլ տան, որ ժամկետ երկարացվի եւ բանակից խուսափած 27 տարեկանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի: Ամեն անգամ պատգամավորների կամ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ այդ ժամկետները երկարացվում են եւ հայրենադարձության նպատակով թույլ են տալիս, որ 27 տարին լրանալուց հետո երիտասարդները գան հայրենիք՝ չնայած չեն ծառայել բանակում:
Սակայն հանձնաժողովում բուռն քննարկումներից հետո այլ լուծում գտան: Օրենքի համահեղինակ Կարինե Աճեմյանը, ներկայացնելով նախագիծը՝ ասաց. «Մենք չենք կարող ամրագրել դրույթ, որ սա վերջին անգամ է, սակայն կառավարությունը համարում է, որ սա կարող է օգտագործվել, այդ պատճառով եզրափակիչ դրույթում ամրագրել ենք, որ սույն օրենքը ուժի մեջ է մինչեւ 2019-ի դեկտեմբերի 31-ը»:
«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց՝ մեր նպատակը ո՞րն է ժամկետը երկարացնելով՝ գումար հավաքագրե՞լը, թե՞ թույլ չտալը, որ երիտասարդները բանտեր նստեն: Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Մենք ոչ թե մտածում ենք անպայման բյուջե լցնել, այլ մտածում ենք, որ պահանջը կա: Բայց արդյոք սա ազնի՞վ է ծառայած տղաների հանդեպ: Մենք գումարները բարձրացնում ենք: Եթե մարդիկ հնարավորություն ունեն, ուզում են վերադառնալ, օրենքով նախատեսված գումարները իրենք պիտի վճարեն, դա ոչ թե գերխնդիր է, դա միջոց է»:
Թանդիլյանն ասաց՝ «Եթե հայրենադարձության խնդիր ենք լուծում, այդ գումարները, որոնք պետք է վճարեն եւ ազատվեն հետապնդումից, գումարն ավելացնելու իմաստը չեմ տեսնում: Դուք էլ ասացիք, որ երբեմն մարդիկ մեկնել են փոքր հասակում՝ իրենց կամքից անկախ եւ դրա համար բեռ ծանրացնել իրենց վրա, կարծում եմ, արդարացված չի, եթե մենք լուծում ենք այդ խնդիրը: Իսկ եթե այլ խնդիր ենք լուծում, հասկանալի չի՝ քրեական հանցագործությունը ինչպե՞ս ենք փոխարինում դրամական փոխհատուցմամբ»:
Կարինե Աճեմյանն ասաց, որ տարբեր երկրներից անընդհատ իրենց զանգահարում են եւ ցանկանում են վերադառնալ. «Արդյոք ճի՞շտ կլինի, որ նրանք չգան: Մեր բանակը քանի որ խնդիր ունի, պետք է այնպես հարցը լուծենք, խստացնենք, որ մարդիկ նախօրոք չմտածեն՝ զինակոչից խուսափելու համար գնան երկրից, հետո վերադառնան: Ամենաօպտիմալ տարբերակն է ընտրվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ