Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է Վրուբելի կտավը հայտնվել Ռուսաստանում. չափազանց հետաքրքրված են նաև թանգարանի աշխատակիցները

Նոյեմբեր 16,2017 16:27

«Միխայիլ Ալեքսանդրովիչ Վրուբելի՝ Հայաստանից գողացված աշխատանքը կվերադարձվի»,-դեռ մարտին, Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած համատեղ ասուլիսում հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը: Ռուսաստանի նախագահը խոստումն իրականացրեց երեկ՝ Սերժ Սարգսյանին հանձնելով 22 տարի առաջ Երևանի Ռուսական արվեստի թանգարանից գողացված Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը: 1890-ականներին ստեղծված գծանկարը Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմի նկարազարդումներից է: Նկարը եղել է բալետի ռուս պարուհի Եկատերինա Գելցերի հավաքածուում: Հետագայում այն գնել է մասնագիտությամբ բժիշկ, պրոֆեսոր Արամ Աբրահամյանը, որի նախաձեռնությամբ և անձնական հավաքածուի հենքով ստեղծվել է Երևանի Ռուսական արվեստի թանգարանը:

22 տարվա վաղեմությամբ քրեական պատմության հետքերով այսօր Իսահակյան 38 (Գաֆեսճյան արվեստի պուրակ) հասցեում գտնվող Ռուսական արվեստի թանգարանում էինք: Գլխավոր ֆոնդահապ Վերա Սեմյոնի Կալչուրինան փոխանցում է մանրամասները.

«1995-ի հովհարաձև անջատումների ծանր շրջանն էր: Թանգարանի գիշերային հսկողությունն իրականացնում էին մասնագիտացված ծառայության աշխատակիցները՝ շների հետ միասին: Չարաբաստիկ օրը աշխատակիցը բացակայել էր՝ հսկողությունը թողնելով միայն կապած շանը, որը հաչելուց բացի, ոչինչ չէր կարող անել: Գողն այս մասին հավանաբար իմացել էր, նրան ոչինչ չէր խանգարել: Պատուհանը կոտրել, ներս էր մտել ու, կարծես թիրախավորված, գողացել Վրուբելի կտավը»,-պատմում է Վերա Կալչուրինան:

Ըստ նրա, հարուցված քրեական գործն էլ նման «լուռ» հանգուցալուծում ստացավ. անփութության համար դատապարտվեց ու դատարանի դահլիճից ազատ արձակվեց ոստիկանության աշխատակիցը: Կտավից լուր չկար մինչև 2017-ի մարտը՝ կտավի հայտնաբերման և այն Հայաստանին վերադարձնելու մտադրության վերաբերյալ Վլադիմիր Պուտինի «գաղտնազերծումը»: Ինչպե՞ս է Վրուբելի կտավը հայտնվել Ռուսաստանում. չափազանց հետաքրքրված են նաև թանգարանի աշխատակիցները: Հույս ունեն, որ «գաղտնիքը» հասանելի կլինի նաև իրենց:

Վրուբելի՝ գողացված ստեղծագործության վերատպած տարբերակը տնօրեն Մարինե Մկրտչյանի աշխատասենյակում է: Կորստի մասին երբեք չեն մոռացել և այցելուներին էլ միշտ ցավով պատմում են այդ մասին:

«Հիմա, իհարկե, ավելի հանգիստ ենք և սրտի տրոփով սպասում ենք Վրուբելի կտավի վերադարձին: Մինչև տեղ չհասնի, չտեսնենք, մեր ձեռքով չշոշափենք, հավանաբար չենք հավատա մեր երջանկությանը»,-ասում է գլխավոր ֆոնդապահը: Միաժամանակ հավելում է, որ «Դևի» վերոնշյալ գրաֆիկական նկարազարդումից բացի, Միխայիլ Վրուբելից երեք աշխատանք ունեն թանգարանում՝ մեկը ֆոնդում, երկուսը՝ մշտական ցուցադրությունում: Դրանց թվում՝ 1880-ականներին ստեղծված «Սաֆոն» է, «Իսպանական պարուհին» էտյուդը, ինչպես նաև «Ծովի արքայադուստրը» ջնարակապատ խեցեղեն քանդակը:

Թանգարանը Կասկադի հիշյալ հասցեում գործում է 1984 թվականի նոյեմբերից: Վերա Կալչուրինան ասում է, որ պրոֆեսոր Աբրահամյանին երևանյան մի քանի հասցե են առաջարկել, բայց նա ընտրել է հենց այս տարածքը, որովհետև համոզված էր՝ այս բացառիկ հավաքածուն պետք է ներկայացնել Երևանի սրտում, մարդաշատ վայրում և ամենակարևորը՝ առանձին, ամբողջական թանգարանի տեսքով:

Թանգարանի հավաքածուն ներկայացնում է ռուսական արվեստի ծաղկման լավագույն շրջաններից մեկը՝ 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ:

«Այստեղ իսկապես բացառիկ նմուշներ կան: Նման արժեքավոր հավաքածու ունեցող թանգարան չունի նախկին խորհրդային հանրապետություններից և որևէ մեկը»,-վստահեցնում է Կալչուրինան:

Երևանի ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանն ասում է, որ վերջին տարիներին այցելուների թիվը կտրուկ աճել է: Մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես դպրոցականներն ու Ռուսաստանից զբոսաշրջիկները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այցելուների թիվն այս տարի աճել է շուրջ 30 տոկոսով: Թանգարանը վերջերս համալրվել է հայտնի քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի նվիրաբերած երեք ստեղծագործություններով՝ Արա Աբրահամյանի և նրա տիկնոջ դիմանկարներով և թանգարանի հիմնադրի կիսանդրիով:

 Ալիսա Գևորգյան

ՀՀ մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930