Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ զինված ուժերը ձեռք են բերել «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների բավականին խոշոր խմբաքանակ. «Հայ զինվոր»

Նոյեմբեր 16,2017 16:02

Յոթ վայրկյան, եւ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Վահե Զաքարյանը «Իգլա-Ս» համալիրը մարտական բարձր պատրաստության է բերում: Կրակային դիրք է զբաղեցնում ու զեկուցում՝ պատրաստ է մարտի: Վահեն հերթապահում է հարավարեւելյան առաջնագծի «Իգլա-Ս» համալիրի համար նախատեսված կրակակետում: Վեց ամիս վերապատրաստվել է ուսումնական զորամասում, երեք ամիս առաջ էլ ստանձնել է պարտականությունները: «Դժվարանում եմ հիշել, թե քանի անգամ եմ կրակել վարժասարքով: Բայց մոնիտորին միշտ նույն գրությունն էր հայտնվում՝ օդային թիրախը խոցված է: Գնահատականը՝ գերազանց: Իրականում էլ վրիպումը գրեթե բացառվում է: Կրակիր ու մոռացիր. «Իգլա-Ս»-ի կիրառման սկզբունքն է»,-ասում է կրտսեր սերժանտը:

Վերջին մեկ տարում առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը համալրվել են ժամանակակից միջոցներով: «Իգլա-Ս» կամ «Իգլա-Սուպեր» նոր սերնդի դյուրակիր զենիթահրթիռային համալիրը կարեւոր ձեռքբերումներից է: Առաջնագծի առաջին շարակարգի գումարտակներն արդեն համալրված են այս զինատեսակով: ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը նկատում է՝ «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների ձեռք բերված խմբաքանակը բավականին խոշոր է. «Լրահամալրումը զգալի է: Այն ապահովում է կրակի բավականին մեծ խտություն: Նաեւ այս միջոցի շնորհիվ է ստեղծվել ամուր հակաուղղաթիռային համակարգ: «Իգլա-Ս»-ը լավագույնն է իր դասի մեջ: Այն տարբերակում է զանազան տիպի խանգարումները, մարտական գլխիկը բավականին զգայուն է եւ կարող է հայտնաբերել նաեւ փոքր ջերմության աղբյուր հանդիսացող անօդաչու թռչող սարքերը: «Իգլա-Ս»-ն օժտված է հրթիռի մեծ հեռահարությամբ եւ թիրախի խոցման մեծ հեռավորությամբ: Զգալի է նաև հրթիռի մարտական մասի զանգվածը, ինչի շնորհիվ բարձր է թիրախի ամբողջական ոչնչացման հավանականությունը: Մեր ձեռք բերած «Իգլա-Ս» համալիրները նոր են, եւ երկար տարիներ որեւէ խնդիր չենք ունենա: «Իգլա-Ս» համալիրների մեր ջոկերը ապահովված են շարժական հնարավորություններով` մեքենաներով, հետախուզության, կապի առանձին միջոցներով: Այսինքն` պատրաստ են խնդիրը լուծելու ցանկացած՝ անգամ գիշերային պայմաններում, քանի որ համալրված են «Մաուգլի» նշանոցով»,-նշում է գնդապետ Պողոսյանը:

Վահեն էլ ցույց է տալիս «Մաուգլի» տիպի գիշերային ջերմատեսիլ նշանոցը: «Հրամանատարը հաճախ է ուսումնական տագնապ հայտարարում գիշերային ժամերին: «Մաուգլի»-ն վայրկյանների ընթացքում ամրացնում ենք զենքին: Այն մի քանի անգամ մեծացնում է համալիրի հնարավորությունները: Հրաձիգին թույլ է տալիս մթության պայմաններում հայտնաբերել եւ ուղեկցել օդային թիրախը մինչեւ խոցման պահը: Մի խոսքով, մենք ավելի արագ կկատարենք խնդիրը, քան հակառակորդը կպատկերացնի»:

«Իգլա-Ս»-ն կարող է օգտագործել ընդամենը մեկ զինվոր, սակայն նա պետք է հատուկ պատրաստություն անցնի: Զորակոչի ընթացքում հավաքակայանում ընտրում են զենիթային ապագա հրաձիգներին՝ ուսումնական կենտրոնում հատուկ վերապատրաստման համար. «Կարեւորում ենք զորակոչիկի կրթական մակարդակը, հոգեբանական եւ ֆիզիկական դիմացկունությունը: Այս զենքը ենթադրում է ակնթարթային մարտ, ուստի զենիթային հրաձիգը պետք է լավ պատրաստված լինի, արագ կողմնորոշվի: Նա մարտական ուսումնական փորձ ձեռք բերելուց հետո է միայն ստանձնում հերթապահությունը»,-ասում է Պողոսյանը:

Այս լրահամալրմանը զուգահեռ առաջնագծի մի շարք զորամասեր հագեցվել են հայկական արտադրության վարժասարքով, որը ստեղծում է իրական օդային իրավիճակ, առաջադրում է խնդիրներ եւ հնարավորություն է ընձեռում զինվորին կատարելագործելու մարտ վարելու կարողությունները:

ԸԴԶՀՀ ջոկի հրաձիգ, շարքային Արկադի Մկրտչյանը մինչեւ վերջերս շահագործում էր «Իգլա» համալիրը: Նա զորամասում մասնակցել է դասընթացների, վերապատրաստվել, եւ հրամանատարները նրան «Իգլա-Ս» են վստահել. «Սիրտս կպել է այս զենքին, չնայած լավ էլ ծանր է: Անընդհատ մարզվում եմ՝ ձգվում, վազում, որ ուժս տեղը լինի: Վտանգի պահին հաստատ հակառակորդին կվնասեմ»:

Զինված ուժերում «Իգլա» համալիրից չեն հրաժարվել: «Մենք կհրաժարվենք աստիճանաբար, երբ մեր ամբողջ պահանջարկը լրացվի «Իգլա-Ս» եւ «Վերբա» տիպի համալիրներով»,- ասում է գնդապետ Պողոսյանը եւ ընդգծում, որ միայն «Իգլա-Ս» համալիրներով, իհարկե, հակաօդային պաշտպանություն չես իրականացնի. «Այս զենքը կրում է հակառակորդի օդուժի դեմ պայքարի առաջամարտիկի պարտավորությունը: Սակայն զինատեսակի հետ համատեղ հերթապահություն են իրականացնում մեր զենիթահրետանային համալիրները, երկրորդ շարակարգում՝ «Օսա-ԱԿ» մարտական մեքենաները, այնուհետեւ` «Ս-125», «Կուբ» համակարգերը, եւ վերջապես հակաօդային պաշտպանության տիտանը՝ «Ս-300» զենիթահրթիռային համալիրը: Այսինքն՝ հանրապետության օդային սահմանները վերահսկվում են ըստ բարձրությունների եւ ըստ հեռավորությունների շարակարգված ՀՕՊ համակարգերով»:

ՀՕՊ զորքերը սպասում են համալրման. «Նոր պայմանագրեր ունենք տարբեր երկրների հետ: Շատ շուտով հակաօդային պաշտպանության մեր զինանոցը կհամալրվի գերժամանակակից, ավտոմատացված, ավելի հզոր, ավելի մեծ հնարավորություններով օժտված տեխնիկայով: Այդ զինատեսակը կիրառելի է օդային նշանակետերի ամբողջ սպեկտորի, այդ թվում` գերճշգրիտ զենքերի դեմ»,- ասում է գնդապետ Պողոսյանը:

Նյութի մանրամասները կարդացեք «Հայ զինվոր»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930