Մոսկվայում ավարտվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մամեդյարովը համաձայնել է հանդիպել Հայաստանի արտգործնախարարի հետ, գրում է ԱՊԱ-ն:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ բանակցությունները կրել են կառուցողական և էական բնույթ, հստակ քննարկումներ են անցկացվել բանակցային սեղանին գտնվող բոլոր առաջարկների վերաբերյալ:
«Ադրբեջանական կողմը բավարարված է քննարկումներից»,- ասել է Հաջիևը:
Նա նշել է, որ առաջարկ է արվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև դեկտեմբերի 7-8-ը՝ Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման շրջանակում: Ադրբեջանական կողմը համաձայնել է այդ առաջարկին:
«Հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության արագ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության ու կայունության՝ Ադրբեջանի Հանրապետությունը միշտ պաշտպանում է էական, բանական և հստակ բանակցությունները»,- ասել է Հաջիևը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ