Թուրքիային C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը կսկսվի այն բանից հետո, երբ Անկարան կվճարի պայմանագրով նախատեսված բոլոր ֆինանսական միջոցները։ Այս մասին Dubai Airshow ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ներկայացուցիչը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այդ պայմանագրի գործնական իրականացումը կսկսվի այն պահից, երբ թուրքական կողմն ամբողջությամբ կփոխանցի ֆինանսական միջոցները»,- ասել է նա:
Հիշեցնենք, 2017թ. սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան Մոսկվայի հետ պայմանագիր է ստորագրել C-400 հրթիռների մատակարարման վերաբերյալ:
Ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան Մոսկվայից չի ստացել պաշտոնական մերժում C-400 զենիթահրթիռային համալիրների համատեղ արտադրության առաջարկի վերաբերյալ և ակնկալում է, որ այդ տեխնոլոգիաները կփոխանցվեն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ