Երեկ` նոյեմբերի 15-ին, Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Արցախում` 4-5 բալ ուժգնությամբ։
Երկրաշարժի հետևանքով տուժել է Ստեփանակերտի Սախարովի 1 հասցեում գտնվող առանձնատունը, որի արտաքին պատի մի հատվածից տեղի է ունեցել մասնակի քարաթափում: «Առանձնատանը այս պահին ոչ ոք չկա: Տանտերը այստեղ չի բնակվում, փոխարենը՝ ժամանակավոր բնակվում էին տարեց մայր և որդի, ովքեր առավոտյան հեռացել են»,- նշեց հարևաններից մեկը:
Aravot.am-ի հետ զրույցում Արցախի ԱԻՊԾ լրատվության բաժնի պետ Արմեն Նարիմանյանը նշեց, որ Արցախի Հանրապետությունում երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան. միայն որոշ վայրերում, առանձնատների պատերի թեթևակի ճաքեր են առաջացել:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ
Հ. Գ. Ադրբեջանի երկրաշարժի հետևանքով Տիգրանակերտում շինություն է փլուզվել: Բարեբախտաբար, պատմական շինությունները չեն վնասվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը: