Լրահոս
Օրվա լրահոսը

Արքմենիկ Նիկողոսյան. «Չինովնիկները հիմնել են հրատարակչություններ ու գործել պետական գումարների հաշվին» (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2017 14:39

Նոյեմբերի 16-ին «Տեսակետ» ակումբում բանավիճեցին մշակույթի նախարարության Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար, գրականագետ Արմեն Ավանեսյանը եւ «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Թեման վերաբերում էր ժամանակակից գրականության` 2018 թ. բյուջեի պետաջակցության և պետպատվերի ցանկերում ներառված չլինելուն:

Արքմենիկ Նիկողոսյանը նկատեց, որ երբ 2001-02 թթ. մեկնարկեցին պետպատվերը եւ պետական աջակցությունը, դա շատ կարեւոր ներդրում էր գրահրատարակչության ոլորտում, որովհետեւ 90-ականներին կուտակվել էր ահռելի գրականություն, որը մնացել էր մամուլի էջերում: Նրա ձեւակերպմամբ, այն տարիներին պետական աջակցության հիմնադրումը եկավ փրկելու մեր գրականությունը, բազմաթիվ լավ գրքեր տպագրվեցին, մթնոլորտ ձեւավորվեց: Սակայն, ըստ Նիկողոսյանի, ընթացքը այլ պատկեր բերեց. «Եթե որեւէ լրագրող հետաքննի, թե ինչ գրքեր են տպագրվել 2002-2005 թթ. հետո, ապա կտեսնի ահռելի տարբերություններ: 2005-06 թթ.-ից սկսած կատարվել են անառողջ երեւույթներ, առաջինն էլ հետեւյալն է, գրեթե բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ ներգրավված էին պետական աջակցության եւ պետպատվերի շրջանակում գրքերը որոշելու, դրանք ֆինանսավորելու գործում, ամենատարբեր չինովնիկներ, անձինք, որոնք հանձնաժողովներում էին, սկսեցին մեկը մյուսի հետեւից հրատարակչություններ բացել եւ սկսեցին իրենց գործունեությունը ծավալել բացառապես պետական պատվերի եւ աջակցության շրջանակում տրվող գումարների հաշվին»:

Բանախոսը գտնում է, որ պետք է ոչ թե առաջարկը ֆինանսավորել, այլ պահանջարկը. «Փոխանակ տպագրելու գրքեր ու շարելու, պետք է տպագրել այն գրողի գիրքը, որը վաճառվում է 2000 տպաքանակով: Ցանկացած հրատարակիչ երազում է այդպիսի գրողի հետ աշխատել, որովհետեւ մյուս բաները հանած, դա նաեւ ֆինանսապես է ձեռնտու….»:

Խոսելով պետպատվերով տպագրվելու համար եղած հայտերի մասին, Արքմենիկ Նիկողոսյանը նաեւ փաստեց, որ ոչ մի հրատարակիչ Առաջին Հանրապետության հետ կապված հայտ չէր ներկայացրել, իսկ Երեւանի 2800-ամյակի վերաբերյալ հայտերն էլ հատուկենտ էին:

2017 թ. մշակութային տարու մասին խոսելիս էլ, նա տարին գնահատեց նորմալ, բայց ցուցադրական, քանի որ նրա խոսքերով, բազմաթիվ քայլեր եղել են տպավորություն թողնելու համար:

Արմեն Ավանեսյանը փաստեց, թե ինչպես են փակվել մի շարք փառատոներ, իսկ նորերը չեն բացվել: Փակվել է Թատրոն X-ը, Դրամատուրգիական ընթերցումների ծրագիրը, «Գրական տապանը»: Ավանեսյանը շեշտում է, որ փակվածների կողքին ընդամենը Ջազ փառատոն է բացվել:

«Ինչու պետք է, օրինակ, Ներսես Աթաբեկյանի նման բանաստեղծը չունենա պետպատվերով հրատարակվելու հնարավորություն»,-տարակուսած է Արմեն Ավանեսյանը: Նա դեմ է ժամանակակից գրողին ընդհանրապես չաջակցելուն. «Եկեք աջակցելու մոդելը փոխենք, համատեղ ուժերով վերացնենք թերությունները…: Ինքս անձնապես ձեռնարկել եմ քայլեր, մի բան էլ դուք արեք, եկեք ծառը էտենք, ոչ թե դնենք ու հիմքից կտրենք»:

Արքմենիկ Նիկողոսյանն էլ պնդում է`ամբողջ դաշտը ապականված է, կոռուպցիոն դրսեւորումներ են եղել. «2005-06 թթ. ընտրությունը կամայական է եղել, պետպատվերով եւ պետական աջակցության շրջանակում հրատարակվել են միայն ՀԳՄ անդամների գրքերը, գրողների 90 %-ը չի ստացել հոնորար, տպագրված գրքերի 50%-ը բարձրորակ չի եղել, ինչը ձեւավորել է արհամարհական վերաբերմունք հայ գրքի հանդեպ»: Նա նաեւ համոզված է, եթե լավ գրող ես, անպայման կհրատարակվես: Արմեն Ավանեսյանն էլ հարցրեց. «Ավելի ճիշտ չի լինի՞ լավ գրողներին պետությունը աջակցի եւ նպաստի նրանց հանրահռչակմանը: Միեւնույն է՝ միջակություններն, այսպես թե այնպես, առաջ կմղվեն, կգտնեն հովանավոր, կհրատարակվեն, իսկ համեստ, լավ գրողը կարող է դուրս մնալ այդ ամենից»:

Ավելի մանրամասն` տեսանյութերում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շանթ Մկրտչյան says:

    Զարմանալ կարելի է,թե որտեղից հայտնվեցին այս մոգոնված թվերը Առավոտի էջում. 300 մլն.դրամը ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու համար միտումնավոր է գրվել:Ստերից ուշքի եկեք,վաղը ըստ տարիների և գրքերի քանակի ձեզ ճշգրիտ կներկայացնենք պետպատվերով և աջակցությամբ ՀԳՄ հրատարակչությանը հատկացված գումարները:
    ՀԳՄ հրատարակչության տնօրեն՝ Շանթ Մկրտչյան

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2017/11/16/920417/

    © 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930