«Մենք լավ ենք ապրելու, թե վատ, դրա համար կա չափողական գործիք. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մյուս տարի աճելու է շուրջ 300 դոլարով»,- խորհրդարանում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`եթե 10 տոկոսով վատ չենք ապրելու, գոնե 5 տոկոսով լա՞վ ենք ապրելու, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Այս համատեքստում նախարարն անդրադարձավ զբաղվածության եւ գործազրկության ցուցանիշին: Ասաց` դրական միտում կա. «Եվ այս միտումը եթե պահպանենք, Ձեր հարցի պատասխանն է լինում՝ այո, մենք հարաբերականորեն ավելի լավ իրավիճակ ենք ունենալու 2018 թվականին՝ 2017-ի համեմատ»:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց`նվազագույն աշխատավարձին, թոշակ-նպաստներին եւ գնաճին զուգահեռ անհրաժեշտություն կա՞ կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը: «Դուք մոռանում եք, որ մենք նվազագույն աշխատավարձը 2012-ի համեմատ բարձրացրել ենք 70 տոկոսով: Այդ ժամանակ միջին աշխատավարձն, այդ թվում նաեւ ձեր նշած պաշտոնյաների աշխատավարձը 70 տոկոս աճ չի գրանցել: Երբ մենք բարձրացնում ենք նպաստները, թոշակները եւ աշխատավարձը, ուրեմն պետք է ազնիվ լինենք, քանի որ մենք մեկ տարվա խնդիր չենք լուծում, պետք է մտածենք հաջորդ տարիների մասին: Այս տարի ունենք 4.3 տոկոս նախատեսվող տնտեսական աճ»:
Լրագրողի պնդմանը`պաշտոնյաների աշխատավարձերը կրճատելու անհրաժեշտության մասով, նախարարն ասաց. «Պատասխանեցի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ