Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե՞ս էի պատճառը…». ինչպե՞ս Արտուշ Գաբրիելյանն արդարացրեց իր հարցազրույց տալը (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2017 13:23

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Գրիշա Բալասանյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Պաշտպանը հիմնավորեց, որ Գաբրիելյանն անաչառ չէ, ինչը հերթական անգամ ցույց է տվել նրա՝ օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցը: Դրանում, ինչպես Գրիշա Բալասանյանը նշեց, դատավորն արդարացրել է դատարանի կարգադրիչներին՝ պնդելով, որ նրանք ոչ թե խուզարկել են փաստաբաններին, այլ կատարել օրենքով սահմանված զննություն: Ըստ Բալասանյանի, այդ կերպ դատավորը հեղինակազրկել է փաստաբաններին եւ նրանց խոսքը՝ ասելով, որ փաստաբանների պատճառով են նիստերը ձգձգվել:

«Դուք ընդգծված բացասական վերաբերմունք եք արտահայտել գործով պաշտպանների նկատմամբ եւ բացահայտ մեղադրել նրանց նիստերը տապալելու մեջ: Դուք պետք է ոչ թե արդարացնեք կամ պաշտպանեք որեւէ մեկին, այլ քայլեր ձեռնարկեք՝ փաստաբանների անխոչընդոտ մուտքն ապահովելու համար»,-դիմելով դատավորին՝ համոզմունք հայտնեց Գրիշա Բալասանյանը:

Նրա խոսքով՝ Արտուշ Գաբրիելյանն իր վարքագծով չի ամրապնդել հասարակության հավատը դատարանի անկախության հանդեպ, այլեւ խորացրել է առանց այդ էլ առկա անվստահությունը: «Եվրադատարանի համար հասկանալի չէ այն փաստը, որը գործը քննող դատավորը հարցազրույց է տալիս…Հասկանում եմ, գայթակղությունը մեծ է, որովհետեւ փաստաբանները հարցազրույցներ են տալիս»,-նկատեց Գրիշա Բալասանյանը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն իր հարցազրույցի առնչությամբ ասաց՝ այն, ինչ նշել է լրագրողի հետ զրույցում, միշտ էլ ասել է, եւ հարցազրույց տալը քրեական գործի հետ կապ չունի:

Ապա նա պաշտպաններին հորդորեց ներկայանալ նիստերին, որպեսզի գործն առաջ գնա. «Չորս ամսում չի եղել մի դեպք, երբ իմ պատճառով նիստը չկայանա: Ե՞ս էի պատճառը, որ նիստ չէր լինում…Պատճառն այն էր, որ չենք կարողացել իրար գլուխ հավաքվել: Հիմա քանի նիստ է՝ փառք Աստծո, բոլորը գալիս են նիստի»:

Գրիշա Բալասանյանը պնդեց՝ չկա նախադեպ, երբ դատավորը հարցազրույցով որակումներ է անում քրեական գործի եւ կողմերի մասին:

«Ապստամբ դատավոր ունենք՝ ապստամբում է փաստաբանների դեմ»,-միջնորդության առնչությամբ այսպիսի դիտարկում հայտնեց ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը:

Մեղադրող-դատախազ Հակոբ Ենոքյանն էլ միջնորդության դեմ առարկեց՝ նկատելով՝ եթե դատավորը մատնանշել է նիստերի հետաձգման պատճառները, դա չի կարող որակվել որպես կողմնակալություն:

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության առնչությամբ որոշում կայացնելու:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930